Դավութօղլուն դիմել է հայերին - Mediamax.am

38166 դիտում

Դավութօղլուն դիմել է հայերին


Ահմետ Դավութօղլուն
Ահմետ Դավութօղլուն

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից չորս օր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում «թուրքական կառավարության եւ թուրք ժողովրդի անունից ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին»:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե ապրիլի 24-ին Թուրքիայում Հայ պատրիարքարանի կողմից կմատուցվի հատուկ արարողակարգ` ի հիշատակ «զանգվածային կոտորածների եւ տեղահանությունների զոհերի»:

 

«Օսմանյան հայերի հիշատակը եւ հայկական մշակութային ժառանգությունը հարգելը Թուրքիայի պատմական եւ մարդասիրական պարտքն է: Այս ըմբռնումով, Օսմանյան հայերի հիշատակն ապրիլի 24-ին Հայկական պատրիարքարանի կողմից մատուցվելիք կրոնական արարողությամբ կհարգվի Թուրքիայում, ինչպես դա արվում է ամբողջ աշխարհում»,- ասված է Թուրքիայի վարչապետի հայտարարության մեջ: 

 

Դավութօղլուի խոսքերով, Թուրքիայում հավատացած են, որ պատմության հետ ազնվորեն առերեսվելը նույնքան կարեւոր է, որքան իրենց կյանքը կորցրած անձանց հիշատակը հարգելը:

 

«Հնարավոր է ճանաչել Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում կատարվածի պատճառներն ու դրանց իրականացնողներին: Այնուամենայնիվ, ամեն ինչ կապակցելով ընդամենը մեկ բառի հետ եւ ողջ պատասխանատվությունը բարդել բացառապես Թուրքիայի ժողովրդի վրա եւ իրականացնել դա թշնամական հռետորաբանությամբ, բարոյական եւ իրավական տեսանկյունից խնդրահարույց է: Որպես հարյուր տարի առաջ լավ եւ վատ օրերին միեւնույն ճակատագիրը կիսած երկու ժողովուրդների ժառանգներ` մեր փոխադարձ պատասխանատվությունն է ամոքել վերքերը եւ վերականգնվել: Թուրքիան անտարբեր չի գտնվի այս պատասխանատվության հանդեպ եւ կշարունակի անել հնարավոր ամեն ինչ` բարեկամության եւ խաղաղության համար»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

 

Ահմետ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան համատեղ ապագայի ձեւավորման համար «դրական քայլեր է ձեռնարկում` ստեղծելու այնպիսի մթնոլորտ, որտեղ հնարավոր կլինի քննարկել բոլոր տեսակի փաստաթղթերն ու տեղեկատվությունը»:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ անցյալ տարի ապրիլի 24-ին ընդառաջ հայերին ցավակցություն էր հայտնել այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին