ՀՀ նախագահը կարեւորել է զինված ուժերի անցումը Զսպման համակարգին - Mediamax.am

8060 դիտում

ՀՀ նախագահը կարեւորել է զինված ուժերի անցումը Զսպման համակարգին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ հավաքները կեզրափակվեն ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերով, որոնցում հաշվի կառնվի ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը:

 

«Ընթացիկ հավաքի կարեւորությունը պայմանավորում եմ առաջին հերթին այն հանգամանքով, որ այն անցկացվում է Հայաստանի անվտանգության միջավայրի վրա ազդող արտաքին զարգացումների եւ մեր պետության ներքին կյանքում, կառավարման համակարգում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների փուլում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Սերժ Սարգսյանը խոսել է 2015թ. վերջին ավարտված՝ Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի (SDR) արդյունքների մասին՝ նպատակահարմար համարելով, ըստ հաստատված պլանի, հավաքի մասնակիցներին իրազեկել առաջիկա հինգ տարիներին Զինված ուժերի զարգացման հիմնական սկզբունքների եւ մոտեցումների մասին:

 

«Տարեվերջին ՀՀ Զինված ուժերը ստացան որակապես նոր սպառազինություն եւ հետագա մատակարարման երաշխիքներ: Էլ ավելի կարեւոր է, որ մշակել եք ձեր օգտագործած եզրույթով՝ «զինված դիմակայությունը զսպելու» նոր հայեցակարգ: Կարծում եմ՝ օգտակար կլինի օպերատիվ հավաքի ընթացքում ներկայացնել պաշտպանության նախարարության մոտեցումները տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի եւ երկրի անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների կատարման նկատմամբ»,- ասել է նախագահը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին