Ոստիկանությունը հաստատում է՝ «Սասնա ծռեր»-ը 2 նոր վիրավոր ունի - Mediamax.am

5941 դիտում

Ոստիկանությունը հաստատում է՝ «Սասնա ծռեր»-ը 2 նոր վիրավոր ունի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում ներկայացնում է երեկ գիշեր եւ այսօր առավոտյան ՊՊԾ գնդի տարածքում ծավալված իրադարձությունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սասնա ծռեր» խումբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ոստիկանները գիշերը կրակ են բացել իրենց ուղղությամբ, որի հետեւանքով խմբի երկու անդամ ոտքերից վիրավորվել է:

 

Ոստիկանության տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Հուլիսի 25-ի երեկոյան` ժամը 20:00-ից մինչեւ կեսգիշերն ընկած ժամանակահատվածում, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս, փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել եւս երկու ավտոմեքենա։ Այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։

 

Ժամը 01:00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։ Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք»:

 

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ անմիջապես բուժօգնություն է տրամադրվել, եւ վիրավորներին առաջարկել են տեղափոխել հիվանդանոց, ինչին խմբի անդամները համաձայնել են։

 

Ներկայում երկու վիրավորները՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, գտնվում են հիվանդանոցում եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին