ՀՀ-ն կխորացնի ռազմական գործակցությունն ԱՄՆ-ի ու Իրանի հետ - Mediamax.am

8009 դիտում

ՀՀ-ն կխորացնի ռազմական գործակցությունն ԱՄՆ-ի ու Իրանի հետ


ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Իրան:

Այս մասին նախարարը հայտնել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում:

 

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ տարածաշրջանում կան անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնց ուղղությամբ պետք է աշխատել:

 

Նախարարը հավելել է, որ Հայաստանն ինտենսիվ ռազմական փոխգործակցության ծրագիր ունի Միացյալ Նահանգների հետ:

 

«Անկախ նրանից, թե ինչ արդյունք է գրանցվել ԱՄՆ նախագահական ընտրություններում, մենք հույս ունենք, որ Պենտագոնը կշարունակի հետաքրքրություն դրսեւորել մեր փոխգործակցության ծրագրի նկատմամբ»,- ասել է պաշտպանության նախարարը:

 

Խոսելով ռուսական կողմի հետ համագործակցության մասին՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ ընթացքի մեջ է երկխոսությունը՝ $ 200 մլն վարկի շրջանակում ՀՀ զինված ուժերին մատակարարվող սպառազինության ծրագրի շարունակության վերաբերյալ:

 

«Այն, ինչ մենք ստանում ենք Ռուսաստանից մեր փոխգործակցության, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակում, չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որն ունեն մեր զինված ուժերը: Ուստի, մենք փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ՝ այլ գործընկեր երկրներում՝ մեզ անհրաժեշտ սպառազինությունը համալրելու նպատակով»,- ասել է նախարարը:

 

Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ անցած տարին նշանավորվել է առաջնագծի՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին