Զինծառայությանն առնչվող օրենսդրական փոփոխություններ կկատարվեն - Mediamax.am

21460 դիտում

Զինծառայությանն առնչվող օրենսդրական փոփոխություններ կկատարվեն


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերին:

Նախագծերի նպատակն է Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված նոր կարգավորումների իրավական ապահովումը, ոլորտում գործող 7 օրենքների՝ երկու օրենքում միավորելու պահանջն ու նոր քաղաքականությունների, այդ թվում՝ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի համար իրավական հիմքի ապահովումը:

 

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նախագծերով առաջարկվող առավել կարեւոր փոփոխությունները:

 

Մասնավորապես, առաջարկվում է մի շարք վերանայումներ կատարել զորակոչի կազմակերպման հարցում: Վերացվելու է տանից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով:

 

Նախարարի խոսքով, ներկայում ծառայության վայրի ընտրության գործընթացն արդյունավետ կազմակերպվում է վիճակահանությամբ, եւ «որեւէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ քաղաքացին չի կարող տանն ավելի մոտ գտնվող եւ խնդիր լուծող զորամասում ծառայություն անցնել»:

 

Մյուս կողմից, հատուկ կատեգորիաներում ներառված քաղաքացիներին որպես արտոնություն հնարավորություն էր տրվում ծառայել 150 կմ շառավիղով տարածքում: Սա, ըստ նախարարի, որեւէ խնդիր չի լուծում:

 

«Եթե նպատակը տան հետ շփումը հեշտացնելն է, ապա զինվորը ծառայության ընթացքում տուն գնալ-գալու տարբերակ, միեւնույն է, չունի: Մենք այս ձեւական բնույթի արտոնությունն առաջարկում ենք փոխարինել բովանդակայինով. արտոնություն ունեցող քաղաքացիները մարտական հերթապահության մեջ այսուհետ ներգրավվելու են բացառապես կամավոր սկզբունքով, բացի այդ, ծառայության ընթացքում նրանց տրամադրվելու է 2 հավելյալ արձակուրդի հնարավորություն»,- ընդգծել է Վիգեն Սարգսյանը:

 

Օրենքի մեկ այլ դրույթ առնչվում է եղբայրների՝ միեւնույն զորամասում ծառայելու հնարավորությանը: Գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն նույն զորակոչի ժամանակ զորակոչվող եղբայրները: Նոր նախագծով՝ անկախ նրանից, թե եղբայրները որ զորակոչով են ծառայության անցել, իրենց ցանկությամբ կկարողանան ընտրել նույն զորամասը: Սա, ըստ նախարարի, հեշտացնում է ծնողների այցելություններն ու զինվորների ծառայությունը:

 

Մյուս փոփոխությունը վերաբերում է ռազմաուսումնական հաստատությունների ուսանողներին:

 

«Ներկայում այս քաղաքացիներն ի սկզբանե գիտեն, որ պարտավոր են 20 տարով ծառայության պայմանագիր կնքել պետության հետ: Իրական կյանքում 18-ամյա քաղաքացու համար բավական բարդ է կողմորոշվել՝ արդյոք ինքը պատրաստ է բուհի ուսման տարիներին գումարած եւս 20 տարի նվիրել ծառայությանը: Մենք առաջարկում ենք առաջին պայմանագրի պարտադիր ժամկետը սահմանել 10 տարի, որը կարող է լինել նաեւ 20 տարի՝ կուրսանտի ցանկությամբ»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին