Վիգեն Սարգսյանի մեկ տարին՝ 10 հայտարարություններում - Mediamax.am

exclusive
15886 դիտում

Վիգեն Սարգսյանի մեկ տարին՝ 10 հայտարարություններում


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Հոկտեմբերի 3-ին լրանում է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին։ Մեդիամաքսն առանձնացրել է մեկ տարվա ընթացքում նախարարի 10 արտահայտություններն ու հայտարարությունները։

 

1.    Ազգ-բանակի մասին

 

Ազգ-բանակը դա այն բանակն է, որն ունի կրթող, դաստիարակող, ուսուցանող ներուժ, որը փոխանցվում է ժողովրդին: Ազգ-բանակը դա այն հասարակությունն ու զինված ուժերն են, որտեղ նորարար գիտությունից դեպի ռազմարդյունաբերական համալիր մեկ քայլ է, դա այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպի զինված ուժերը, դեպի մեր երկրի սպայական անձնակազմը: Դա այն պաշտպանական համակարգն է, որտեղ զորահավաքին պատրաստ է յուրաքանչյուրը՝ հստակ իմանալով իր անելիքը, տեղը, դերն ու միջոցները:

 

2016թ. հոկտեմբերին՝ ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում:

 

2.    Հայոց բանակի կռվի մասին

 

Պատմական հայրենիքի, ոչ թե տարածքի, ազգային գոյի, ոչ թե զավթողականության, ինքնության եւ ոչ թե կեղծված պատմության եւ մոգոնած աշխարհագրության համար էր Հայոց բանակի կռիվը: Եվ այսօր էլ այն շարունակում է ծառայել այդ նույն վեհ նպատակներին:

 

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ հունվարի 28-ին ունեցած ելույթում:

3.    Ապրիլյան պատերազմի բացահայտումների մասին

 

Գլխավոր բացահայտումը մեր զինվորն ու հրամանատարն էր, ով թշնամու կրակի տակ վազում է խոցված ընկերոջ մոտ, թաքցնում է, որ վիրավոր է եւ բուժօգնության է դիմում միայն մարտն ավարտին հասցնելուց հետո, ով լռում է իր սխրանքի մասին եւ խոսում է «դիրքի պատիվ» հասկացության մասին, իսկ մի քանի տանկ խոցած երիտասարդը զարմանում է, որ իրեն հերոսացնում են:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Դա նաեւ մեր քաղաքացին էր` ի դեմս հոսպիտալների մոտ արյուն հանձնելու համար հերթագրվող ուսանողների, զինվորին ծանրոց ուղարկող թոշակառուների եւ նամակով նրանց սատարող աշակերտների, դեպի առաջնագիծ իր ողջ ներուժն ուղղող գործարարի: Դա նաեւ մեր սահմանամերձ, իսկ ավելի ճիշտ է` ասել սահմանապահ համայնքներն էին, որոնք զենքը ձեռքին կանգնեցին մեր զինծառայողի կողքին` պաշտպանելու հայրենիքը: Դա նաեւ մեր սփյուռքն էր, որն անմնացորդ նվիրվեց հայրենիքին եւ հայրենիքի խնդիրներին:

 

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ հունվարի 28-ին ունեցած ելույթում:

 

4.    Որակի եւ սպայի կերպարի մասին

 

Ազգ-բանակ՝ առաջին հերթին նշանակում է որակ։ Այդ որակի գլխավոր կրողը պետք է լինի ցանկացած բանակի ողնաշարը կազմող սպայական եւ ենթասպայական կազմը: Հայ սպայի, հրամանատարի կերպարը պետք է դառնա ուղղորդիչ մեր ողջ հասարակության համար: Իր գործի իսկական նվիրյալ, պարկեշտ, կարգապահ, իր եւ ենթակաների նկատմամբ պահանջկոտ, բանիմաց, մասնագիտական առումով՝ հմուտ, իսկ կրթական առումով` լայն գիտելիքների տեր սպան պետք է դառնա մեր վաղվա բանակի ոչ միայն սիրված, այլեւ խորապես հարգված դեմքը:

 

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ հունվարի 28-ին ունեցած ելույթում:

 

5.    «Իսկանդերների» մասին

 

Այդ զենքի նշանակությունն ու ցուցանիշները թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ այն կիրառվում է: Հետեւաբար, «Իսկանդերների» կիրառման մասին որոշումը սերտորեն կապված է լինելու իրավիճակի զարգացման հետ:

Վիգեն Սարգսյանը Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե նման կարիք լինի: Դա առաջին հերթին զսպման զենք է: Բացարձակ ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել այդ մոտեցումների վերանայում, բայց, ընդհանուր առմամբ, դա այնպիսի զենք է, որ կարող է ցանկացած տաք գլուխ սառեցնել՝ որոշում ընդունելիս:

 

2017թ. փետրվարին՝  ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում:

 

6.    Հերոսների մասին

 

Մեր մեջ ընդունված է հերոսներին հեռվում փնտրել: Հերոսներն, իրականում, մեր մեջ են, հերոսներն այն մարդիկ են, ովքեր ամենավճռական պահին, երբ տատանվելը, մտահոգվելը, երկմտելը կարող է բնական թվալ, ապացուցում են, որ դա ոչ միայն բնական չէ, այլեւ՝ հարիր չէ:

 

2017թ. փետրվարին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած հանդիպմանը:

 

7.    Գլխավոր մարտահրավերի մասին

 

Հայաստանի համար գլխավոր մարտահրավերը ժողովրդավարական բարեփոխումների լիարժեք իրականացումն է, որովհետեւ կառավարման համակարգը՝ հիմնված քաղաքացիական հասարակության ներգրավվածության բաց մեխանիզմների, բոլոր ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա, անկասկած, երկրի անվտանգության ամենակարեւոր երաշխիքներից է:

 

2017թ. մարտին՝ Russia Today հեռուստաընկերության հետ հարցազրույցում:

 

8.    Պատերազմի, դրա հետեւանքների ու գնի մասին

 

Ցավոք, պատերազմն առավել հաճախ է սկսում դիտարկվել կլաուսվիցյան բանաձեւով՝ որպես «քաղաքականության գործիքներից մեկը, դրա բնական շարունակությունը»։ Կարծում եմ, պատերազմը, դրա հետեւանքներն ու գինը հասկացող եւ ճանաչող զինվորականները պետք է վերադարձնեն գիտակցումը, որ պատերազմը չի կարող որեւէ բանի տրամաբանական շարունակությունը լինել։

Վիգեն Սարգսյանը Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Պատմությունը մարդկությանը տրված է արարելու, զարգանալու, այլ ոչ թե պատերազմի եւ հակադրությունների համար։ Տպավորություն է ստեղծվում, որ մեր օրերում զինված հակամարտությունը կյանքի կանոն է՝ խաղաղության կարճատեւ եւ անբնական ընդմիջումներով։

 

2017թ. ապրիլին Մոսկվայում՝ Միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովի ելույթում:

 

9.    Եսակենտրոնության մասին

 

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր, պորտուգալացի մեծագույն գրող Ժոզե Սարամագոյի «Կուրություն» վեպում նկարագրվում է դինամիկ կերպով փոփոխվող սոցիալական իրականության պայմաններում սոցիալական անպատասխանատվության եւ եսակենտրոնության պարույրի ոլորման ֆենոմենը։ Տպավորություն ունեմ, որ մենք բոլորս՝ որպես պետություններ, ժողովուրդներ, որպես անհատներ, որոնք պատասխանատու են որոշումների կայացման համար, դանդաղ, բայց հաստատուն կերպով ընթանում ենք ներքեւ՝ անվտանգության համակարգերի դեգրադացման սարամագովյան պարույրով։

Վիգեն Սարգսյանը Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Մենք պատասխանատվության սլաքները մեզանից՝ որոշումներ կայացնող մարդկանցից, տեղափոխել ենք մեր ունեցած զինատեսակների վրա։ «Կարելի է-չի կարելի»-ն՝ կայացված անվտանգային որոշումների պարադիգմայում առավել հաճախ փոխարինվում են «կարող եմ-չեմ կարող» հասկացությամբ, «ունեմ, թե՞ ոչ համապատասխան տեխնիկական միջոցներ ու հնարավորություններ» հարցադրմամբ։

 

2017թ. ապրիլին Մոսկվայում՝ Միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովի ելույթում:

 

10.    Արածի ու չարածի մասին

 

Ամեն անգամ անկախության հերթական տարեդարձի առթիվ միմյանց շնորհավորելուց եւ տոնական համազգեստ հագնելուց առաջ յուրաքանչյուրս պետք է մտովի մեր խղճի առջեւ հանրագումարի բերենք Հայաստանի պատմության եւս մեկ տարվա ընթացքում բանակի հզորացման համար մեր արածն ու չարածը:

 

Վերլուծենք եւ հասկանանք, թե անկախության եւս մեկ տարին որակական ինչպիսի նոր հատկանիշներ գումարեց մեր բանակին, եւ եթե այս կամ այն հարցում չթերանայինք, այլ առավել ստեղծագործաբար եւ եռանդով աշխատեինք, ուրիշ ինչ կարող էինք անել զինված ուժերի համար։ Եվ այդ ամենից պիտի անհրաժեշտ հետեւություններ կատարենք: Կարծում եմ, դա է բոլորիս ճանապարհը, եւ հենց այս գիտակցությամբ եւ նշանաբանով պիտի սկսվի բանակի յուրաքանչյուր օրը:

 

2017թ. սեպտեմբերին՝ զինվորականներին, քաղաքացիական հատուկ ծառայողների եւ ազատամարտիկներին պարգեւատրելու ժամանակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին