ՊՆ կոլեգիան խորը մտահոգություն է հայտնել զարգացումների վերաբերյալ - Mediamax.am

6389 դիտում

ՊՆ կոլեգիան խորը մտահոգություն է հայտնել զարգացումների վերաբերյալ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիան այսօր խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Այսօր կոլեգիայի ընդունված կոլեգիայի հայտարարության մեջ ասված է.

 

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դուրս են քաղաքական գործընթացներից և ամեն օր, ամեն ժամ ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Այդուհանդերձ ակներև է, որ օրենքի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, օրենքի տառին համապատասխան ձևավորված միակ իրավազոր իշխանությունը զավթելու, Սահմանադրությամբ սահմանված կարգով ընտրված վարչապետին վերջնագրեր ներկայացնելու փորձերը հղի են անկանխատեսելի զարգացումներով, որոնք կարող են լրջորեն ազդել նաև սահմանային իրադրության սրման վրա, ինչի նախանշաններն արդեն իսկ նկատվում են»։

 

«Համաձայն հետախուզական տվյալների, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նշանակալի գործոն` Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման համար։ Իրավիճակի հետագա սրումը նպաստում է դրան:

Իշխանությունը զավթելու, պետական կառավարման համակարգի հիմնարկները արգելափակելու, տրանսպորտային երթուղիները խափանելու, պետական կառավարման համակարգը կաթվածահար անելու, բնականոն կյանքը խաթարելու փորձերն անխուսափելիորեն բերելու են մեր առջև ծառացած ռազմական մարտահրավերների սրմանը: Երկրի պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է պետական բոլոր կառույցների ներդաշնակեցված և կայուն փոխգործակցություն:

 

Կասկածից վեր է, որ հայկական բանակը ունակ է դիմագրավել հակառակորդի ցանկացած ոտնձգության։ Սակայն հրահրվող ներքին անկայունությունը գործոն է, որը հնարավոր անցանկալի զարգացումների դեպքում կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական խնդիրների իրականացման, պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման, զորահավաքային խնդիրների կատարման վրա», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին