ՀՀԿ-ն դպրոց է հիմնում, իսկ աշնանը հանդես կգա նոր ծրագրով - Mediamax.am

15042 դիտում

ՀՀԿ-ն դպրոց է հիմնում, իսկ աշնանը հանդես կգա նոր ծրագրով


Արմեն Աշոտյանը
Արմեն Աշոտյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրապետական Կուսակցության քաղաքական դպրոցը կբացվի այս տարվա մայիսին, իսկ աշնանը ՀՀԿ-ն հանդես կգա նոր ծրագրով:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ դպրոցը կրելու է Անդրանիկ Մարգարյանի անունը:

 

Դպրոցի պատասխանատու Արմեն Աշոտյանը նշել է, որ կառույցը գործելու է անվճար եւ նախատեսված է լինելու քաղաքական գործիչների, կուսակցության համակիրների ու քաղաքացիների համար:

 

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ դպրոցում դասավանդվող առարկաները թույլ կտան շարունակական եւ լրացուցիչ ծրագրերի միջոցով բարելավել կուսակցության անդամների ու համակիրների կազմակերպչական, ինտելեկտուալ եւ քաղաքական կարողությունները: Նրա փոխանցմամբ՝ կառույցում դասավանդելու են ինչպես ՀՀԿ անդամները, այնպես էլ ակադեմիական դասախոսները՝ անկախ կուսակցական պատկանելությունից:

 

«Մեր նպատակն է Հայաստանում զարգացնել քաղաքագիտական միտքը, ինչի անհրաժեշտությունն այսօր զգացվում է: Վստահ եմ, որ այս քաղաքական դպրոցը մի գեղեցիկ օր կդառնա ուղեղային՝ անալիտիկ մտքի կենտրոն: Այն մեծ ճանապարհի սկիզբն է, որը զարկ է տալու քաղաքագիտական, վերլուծական մտքի զարգացմանը»,-ասել է նա:

 

Անդրադառնալով ՀՀԿ նոր ծրագրի ստեղծմանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբը, որը ղեկավարում են ինքը եւ Մուշեղ Լալայանը:

 

«Մեր կուսակցության ծրագիրը վերջին անգամ վերանայվել է տասը տարի առաջ: Այժմ ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, փոխվել են մի շարք իրավիճակներ: Նոր ծրագիրը ոչ միայն համահունչ կլինի ներկային, այլեւ կուրվագծի ապագան՝ պահպանելով կուսակցության գաղափարական հենքը»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը:

 

Արմեն Աշոտյանը նշել է, որ նոր ծրագիրը կհաստատվի աշնանը կայանալիք համագումարի ժամանակ, իսկ մինչ այդ այն կքննարկվի կուսակցության մարզային եւ տարածքային կառույցների հետ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին