Հայ աշակերտները Լիտվայում կայացած մրցույթի լավագույն եռյակում են - Mediamax.am

9162 դիտում

Հայ աշակերտները Լիտվայում կայացած մրցույթի լավագույն եռյակում են


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Լիտվայի Կլայպեդա քաղաքի LCC միջազգային համալսարանում կայացած անգլերեն լեզվի հռետորական արվեստին նվիրված ամենամյա մրցույթի եզրափակչում հայաստանցի երկու աշակերտները զբաղեցրել են երկրորդ եւ երրորդ հորիզոնականները:

 

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են Հայաստանում Լիտվայի դեսպանատնից, երկրորդ տեղը զբաղեցրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի սան Բաղդասար Գրիգորյանը: Նա Լիտվայում անգլերեն լեզվի ամառային անվճար դասընթացի մասնակցության հնարավորություն է ստացել:

 

Երրորդ տեղը զբաղեցրել է Արարատի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտ Նիկոլայ Նասոնովը:

 

Մրցույթում հաղթել է լատվիացի աշակերտը, որը հնարավորություն է ստացել մեկ կիսամյակ անվճար սովորելու LCC համալսարանում: 

 

Հայաստանն այս տարի մրցույթին մասնակցում էր առաջին անգամ:

 

Մրցույթի հայաստանյան փուլը կայացել էր փետրվարի 24-ին, մասնակցել էր ավագ դպրոցի 42 աշակերտ:

 

Մեդիամաքսի հետ զրույցում LCC համալսարանի ռեկտոր Մառլեն Ուոլը նշել էր, որ սա LCC-ի՝ Հայաստանի հետ համագործակցության առաջին քայլն է:

 

«Կարծում եմ՝ Հայաստանի հետ երկարաժամկետ հարաբերությունների կառուցման ընթացքում կարող ենք մտածել Հայաստանի լավագույն դպրոցականների համար հատուկ կրթաթոշակներ ստեղծելու մասին, որպեսզի նրանք շարունակեն կրթությունը մեր համալսարանում: Ակնկալում ենք նաեւ ավելի շատ հայերի տեսնել մեր համալսարանում»,- ասել էր Մառլեն Ուոլը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին