ՄԱԿ-ը շնորհակալ է Հայաստանին սիրիացի փախստականներին աջակցելու համար - Mediamax.am

3162 դիտում

ՄԱԿ-ը շնորհակալ է Հայաստանին սիրիացի փախստականներին աջակցելու համար


Հելեն Քլարկը եւ Սերժ Սարգսյանը
Հելեն Քլարկը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հաստատակամ է օժանդակելու Հայաստանի զարգացմանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկը:

 

Սերժ Սարգսյանը նշել է, որ տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումների, դրանց արդյունքում արձանագրված դրական տեղաշարժերի, բազմաթիվ համայնքներում զարգացման ծրագրերի իրականացման գործում զգալի է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատանքը: ՀՀ նախագահը բարձր է գնահատել նաեւ անձամբ Հելեն Քլարկի ներդրումը: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է ՄԱԿ-ի տարբեր կառույցների եւ հատկապես ՄԱԶԾ-ի հետ Հայաստանի մշտական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը:

 

Այդ առաքելության իրականացման եւ Հայաստան-ՄԱԿ զարգացման օժանդակության նոր շրջանակային փաստաթղթի մշակման նպատակով տիկին Քլարկը կարեւորել է ՀՀ կառավարության հետ Հայաստանի զարգացման գերակայությունների քննարկումը: ՄԱԶԾ կառավարիչը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի եւ դրա տարբեր կառույցների գործունեությանը Հայաստանի ակտիվ եւ շահագրգիռ մասնակցության, այդ թվում՝ Կազմակերպության խաղաղապահ գործողություններին մասնակցելու որոշման համար:

 

Հելեն Քլարկը շնորհակալություն է հայտնել նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակին Հայաստանի հանգանակության եւ Սիրիայի ճգնաժամի հետեւանքով այդ երկրից Հայաստան տեղափոխված հազարավոր սիրիացիների աջակցության, ՄԱԿ-ի նոր օրակարգի մշակմանը մասնակցելու Հայաստանի պատրաստակամության համար, որի մասին ՀՀ նախագահը հայտարարեց Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին