Երեւան-Սիմֆերոպոլ չվերթ չի իրականացվելու, ասել է Ուկրաինայի դեսպանը - Mediamax.am

3537 դիտում

Երեւան-Սիմֆերոպոլ չվերթ չի իրականացվելու, ասել է Ուկրաինայի դեսպանը


Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան այսօր հայտարարել է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ուկրաինան չեն տվել իրենց համաձայնությունը Երեւան-Սիմֆերոպոլ օդային ուղիղ թռիչքների իրականացման համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով  Երեւան-Սիմֆերոպոլ թռիչքների իրականացման վերաբերյալ տեղեկությունները, Ուկրաինայի դեսպանն ասել է, որ այս հարցի քննարկման նպատակով հանդիպումներ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում եւ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում: 

 

«Ինձ տեղեկացրել են, որ որեւէ մեկը թույլտվություն չի տվել Երեւան-Սիմֆերոպոլ չվերթ իրականացնելու համար: Չվերթներն իրականացվում են միջազգային նորմերի եւ երկկողմ համաձայնագրերի հիման վրա: Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ իրականացվող բոլոր թռիչքները համաձայնեցվում են կողմերի միջեւ դիվանագիտական մակարդակով»,- ասել է  Իվան Կուխտան:

 

Նախորդ շաբաթ «Գրոզնի ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Սերգեյ Պետրովը Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել էր, որ նոյեմբերի 16-ից ավիաընկերությունը կսկսի պարբերական չվերթներ իրականացնել Սիմֆերոպոլ-Երեւան-Սիմֆերոպոլ ուղղությամբ:

 

Այնուհետեւ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հերքել էր այդ տեղեկությունը:

 

Ի դեպ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն այսօր ասել է, որ իրենք չեն խրախուսում Երեւան-Սիմֆերոպոլ չվերթի իրականացումը, որը կարող է «օրինականացնել Ղրիմի իշխանությունները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին