ՆԱՏՕ-ն կարեւորում է գործընկերների շահերը՝ անկախ Ռուսաստանի շահերից - Mediamax.am

5973 դիտում

ՆԱՏՕ-ն կարեւորում է գործընկերների շահերը՝ անկախ Ռուսաստանի շահերից


Ուիլյամ Լահուն
Ուիլյամ Լահուն

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի ԱԳՆ պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության վարչության պետ Յասպեր Վիկն (Jasper Wieck) այսօր Երեւանում ասել է, որ Հայաստանի վարած երկվեկտոր քաղաքականությունը «խնդիրներ չի առաջացնում»:

Այդ մասին նա ասել է Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերության քաղաքականությունը բացառիկության հավակնություններ չունի եւ հնարավոր է, ինչպես դա տեղի է ունենում Հայաստանի պարագայում, համադրել այն այլ համագործակցության ձեւաչափերի հետ:

 

«Հայաստանը, օրինակ, մի կողմից ունի բավականին կայացած գործընկերային փոխգործակցություն ՆԱՏՕ-ի հետ, մյուս կողմից՝ անդամակցում է ՀԱՊԿ-ին: Այս երկվեկտոր քաղաքականությունը բնավ խնդիրներ չի առաջացնում, եւ Հայաստանն է որոշում՝ անվտանգության եւ գործընկերության ինչպիսի համադրություն ընտրել», - նշել է Յասպեր Վիկը: Նա նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերության քաղաքականությունը ուղղված չէ որեւէ մեկի դեմ:

 

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահուն, իր հերթին, նշել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է իր ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի հետ եւ ակնկալում է համագործակցության նոր ուղիներ մշակել:

 

Ուիլյամ Լահուն նաեւ մեկնաբանել է պնդումներն այն մասին, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է «ծնկի բերել» Ռուսաստանին:

 

«Կարեւոր է հասկանալ, որ երբ մենք խոսում ենք ՆԱՏՕ-ի գործընկերությունների մասին, ապա գործընկերության այս կամ այն ֆորմատի մասին որոշումը կայացվում ինքնիշխան պետությունների կողմից: ՆԱՏՕ-ին իր գործընկերությունները դիտարկում է ոչ թե Ռուսաստանի, այլ գործընկերների շահերի տեսակետից», - շեշտել է Ուիլյամ Լահուն:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին