Հասան Ռոհանիի հայաստանյան այցը ուշացած է. իրանագետ - Mediamax.am

7385 դիտում

Հասան Ռոհանիի հայաստանյան այցը ուշացած է. իրանագետ


Իրանի նախագահ Հասան Ռոհանին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին

Լուսանկարը` http://www.thefamouspeople.com/


Երեւան: Մեդիամաքս: Իրանագետ Գոհար Իսկանդարյանն այսօր ասել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցը շատ կարեւոր է, սակայն այն բավական ուշացած է:

«Շուտով լրանում է Ռոհանիի կառավարման 5 տարին, եւ դեռ պարզ չէ՝ մյուս տարի նախատեսված նախագահական ընտրություններին նա կմասնակցի կամ կհաղթի, թե ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գոհար Իսկանդարյանը:

 

Իրանագետի խոսքով, այցի ընացքում առաջին հերթին կքննարկվի բարձրավոլտ հաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքների հարցը:

 

«Երկու երկրներն ամենաբարձր մակարդակով կքննարկեն նաեւ Արաքս գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի գործարկման հարցը: Անշուշտ, բավական մեծ կարեւորություն կտրվի նաեւ երկու երկների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- ասել է իրանագետը:

 

Գոհար Իսկանդարյանն ընդգծել է, որ հայկական ապրանքները բավական մեծ դժվարությամբ են մուտք գործում իրանական շուկա, ինչը հանգեցնում է երկու երկրների առեւտրային հարաբերությունների ոչ բավարար մակարդակի:

 

«Խնդիրն այն է, որ Իրանը՝ չնայած պատժամիջոցների վերացմանը, մինչեւ հիմա շարունակում է հովանավորչական քաղաքականություն վարել սեփական ապրանքների նկատմամբ: Այս պայմաններում հայկական ապրանքները Իրանում ոչ մրցունակ են դառնում»,- ասել է նա՝ հավելելով, որ այս հարցը եւս կկարեւորվի այցի շրջանակում:

Նա նշել է, որ այցի ընացքում կքննարկվի նաեւ Հայաստանի տարածքով Իրանի համար այլընտրանքային ցանաքային ճանապարհի հարցը:

 

Գոհար Իսկանդարյանը կարծիք է հայտնել, որ Հասան Ռոհանին, ինչպես եւ իր նախորդները, հայաստանյան այցի ժամանակ Հայոց ցեղասպանության հուշահամալիր չի այցելի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին