ՀՀ եւ ԻԻՀ նախագահները կարեւորել են կապերի ընդլայնումը - Mediamax.am

9698 դիտում

ՀՀ եւ ԻԻՀ նախագահները կարեւորել են կապերի ընդլայնումը


Հասան Ռոհանին եւ Սերժ Սարգսյանը
Հասան Ռոհանին եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure

Հասան Ռոհանին եւ Սերժ Սարգսյանը
Հասան Ռոհանին եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր վերահաստատել են վճռականությունը առավել ընդլայնելու երկկողմ հարաբերությունները:

Այս մասին ասված է կողմերի միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ:

 

«Հայաստանի եւ Իրանի նախագահները կարեւորել են  երկու երկրների միջեւ տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծել են Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին կարեւորել են գազի եւ էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործումն ու Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը:

 

«Կողմերը կարեւորել են Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ արտոնյալ պայմաններով առեւտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները եւ այդ համատեքստում Հայաստանի աջակցությունը»,- ասված է փաստաթղթում:

 

Հայաստանի եւ Իրանի նախագահներն անհրաժեշտ են համարել տարածաշրջանում հարատեւ խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատումն ու հետագա ամրապնդումը` այդ նպատակին հասնելու համար կարեւորելով առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը եւ տարածաշրջանային համակողմանի համագործակցության ընդլայնումը:

 

«Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկու պետությունների նախագահները ընդգծեցին, որ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ սկզբունքների վրա»,- նշված է համատեղ հայտարարության մեջ:

 

Երկու պետությունների նախագահները վստահություն են հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների դրական ավարտի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն ի շահ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության եւ կայուն զարգացման:

 

Նախագահները մեծապես կարեւորել են Սիրիայում շուտափույթ խաղաղության հաստատման, մարդասիրական խնդիրների ու տեղահանման հետագա ծավալումը կանխելու անհրաժեշտությունը:

 

Տեղի ունեցած քննարկումների ու բանակցությունների արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթերը.

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին