ԱՄՆ-ը կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մտահոգությունները - Mediamax.am

7223 դիտում

ԱՄՆ-ը կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մտահոգությունները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ շնորհավորելով հայաստանցիներին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով։

Դեսպանությունում նշել են, որ «քվեարկությանը օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնավոր Հայաստանի ամբողջ տարածքում, եւ ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրավունքը»:

 

«ԱՄՆ դեսպանությունը համամիտ է ԵԱՀԿ Մարդու իրավունքների ու ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության նախնական գնահատման հետ, որտեղ նշվում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված եւ ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար ազատությունների հանդեպ՝ միաժամանակ նկատելով, որ «ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն» ու ընտրողների վրա գործադրված ճնշումները»,- ասված է հայտարարության մեջ:

 

ԱՄՆ դեսպանությունը հորդորել է Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը աշխատել միասին՝ «գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այս մտահոգությունները»:

 

Դեսպանությունում ընդգծել են, որ նոր սարքավորումների միջոցով տեղամասերում հնարավոր է եղել ապահովել ընտրական ընթացակարգերն առանց լուրջ միջադեպերի եւ Հայաստանի ընտրական օրենսդրությամբ սահմանված ուղենիշների համաձայն:

 

«Միացյալ Նահանգները շարունակելու է դիտարկել եւ վերլուծել միջազգային ու տեղական դիտորդների զեկույցները, ինչպես նաեւ ընտրությունների հետ կապված բողոքների դատական կարգով լուծումը հետընտրական շրջանում»,- նշված է հայտարարությունում:

 

ԱՄԴ դեսպանատունը կառավարությանը, ընդդիմությանը եւ քաղաքացիական հասարակությանը կոչ է արել հետընտրական շրջանում շարունակել իրենց ներգրավվածությունը խաղաղ բանավեճերին ու քննարկումներին:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին