ԵՄ-ԵԱՏՄ կապերը պետք է իրատեսական լինեն, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

10075 դիտում

ԵՄ-ԵԱՏՄ կապերը պետք է իրատեսական լինեն, ասել է Նալբանդյանը


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրվելիք համաձայնագիրը կսահմանի ընդլայնված գործընկերության նոր ուղենիշներ:

Այս մասին նա ասել է Վիշեգրադյան քառյակի եւ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

 

«Բրյուսելում առաջիկա գագաթաժողովին շոշափելի ձեռքբերումներ արձանագրելը կարեւոր կլինի Արեւելյան գործընկերության հետագա կենսունակության համար: Այս առումով մենք արժեւորում ենք ոլորտային համագործակցությանը քաղաքական լիցք հաղորդելու նախաձեռնությունը եւ ենթակառուցվածքային կապերի շուրջ քննարկումների վրա կենտրոնացումը»,- ասել է նախարարը:

 

Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը պատշաճ տեղ է զբաղեցնում ինչպես Շրջանակային համաձայնագրում, այնպես էլ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ 2017-2022 թթ. գործընկերության ծրագրերում։

 

«Դրա շնորհիվ մենք կարող ենք արդյունավետորեն խթանել տարածաշրջանային կայունությունը եւ զարգացումը»,- ասել է ՀՀ ԱԳ ղեկավարը՝ ընդգծելով, որ փոխկապակցվածության գաղափարին պետք է անդրադառնալ նաեւ «ավելի լայն համատեքստում՝ տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերի միջեւ»։

 

«Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ կապերը պետք է իրատեսական եւ կոնկրետ արդյունքների միտված երկխոսության մաս հանդիսանան։ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր եւ Արեւելյան գործընկերության մասնակից, պատրաստ է այս առումով իր նպաստը բերել»,- հավելել է Էդվարդ Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին