Ինտեգրման տարբեր ուղիները «լրացնում են հայ-վրացական կապերը» - Mediamax.am

11575 դիտում

Ինտեգրման տարբեր ուղիները «լրացնում են հայ-վրացական կապերը»


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Թբիլիսիում ասել է, որ Հայաստանն ու Վրաստանը միջազգային ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ երկու երկրների փոխգործակցության զարգացման համար:

«Այն կարող է լրացնել ու դրական ազդեցություն ունենալ ոչ միայն տնտեսական հարաբերությունների հետագա խորացման, այլեւ տարածաշրջանային համագործակցության առավել ընդլայնման համար»,- ասել է Արա Բաբլոյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը:

 

Որպես երկրների տարածաշրջանների փոխգործակցության լավ օրինակ՝ ԱԺ նախագահը նշել է Աջարիայի եւ Լոռու մարզի միջեւ կապերը: Արա Բաբլոյանը, այնուամենայնիվ, արձանագրել է, որ առեւտրատնտեսական ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում: Նա հավաստիացրել է, որ խորհրդարանականները պատրաստ են հանդես գալ օրենսդրական անհրաժեշտ նախաձեռնություններով՝ կոնկրետ բնագավառների խնդիրները լուծելու համար:

 

Հայկական կողմը կարեւորել է նաեւ Վերին Լարս անցակետի անխափան գործունեությունը, որը հատկապես այս ժամանակահատվածում Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների արտահանման հիմնական եւ առավել նախընտրելի ճանապարհն է:

 

Գիորգի Կվիրիկաշվիլին էլ գոհունակությամբ է խոսել վրաց-հայկական զարգացող հարաբերությունների մասին՝ նշելով, որ առկա $ 400 մլն կազմող առեւտրաշրջանառության ծավալներն անհրաժեշտ է մեծացնել:

 

Վրաստանի վարչապետը որպես համագործակցության զարգացման առավել կարեւոր ոլորտ առանձնացրել է զբոսաշրջությունը, կարեւորել համատեղ տուրիստական փաթեթների պատրաստումը:

 

Նա միաժամանակ հավաստիացրել է, որ Վրաստանը բաց է բարեկամ Հայաստանի հետ քննարկելու համագործակցության զարգացման հնարավորությունները ցանկացած ոլորտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին