7711 դիտում

Երեւանը կոչ է արել մերժել կրոնի շահարկումը հակամարտություններում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ կրոնը հաճախ է շահարկվում այն հակամարտությունների պարագայում, որոնք որեւէ առնչություն չունեն հավատքի հետ:

Այս մասին նախարարը նշել է Երեւանում մեկնարկած «Քրիստոնյաների եւ այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը եւ հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից եւ անդին» խորագրով ԵԱՀԿ խորհրդաժողովի շրջանակում:

«Կրոնական համերաշխության վրա հիմնված որոշ կազմակերպություններ սատարում են այս պնդումներին՝ ըստ էության վատթարացնելով արդեն իսկ բարդ հակամարտային իրավիճակները: Մենք հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն եւ նախեւառաջ այն մասնակից երկրները, ովքեր հանդիսանում են նման կրոնական հիմքի վրա գործող կազմակերպությունների անդամներ, պետք է վճռականորեն մերժեն նման վտանգավոր գործելաոճը: Իրականում, ներկայիս ավերիչ հակամարտություններից շատերը տեղի են ունենում ոչ թե տարբեր, այլ միեւնույն կրոնի ներկայացուցիչների միջեւ, եւ սա ակնհայտ է հատկապես Մերձավոր Արեւելքի օրինակով»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը նկատել է, որ Իրաքում եզդի ժողովուրդը Մերձավոր Արեւելքում կրոնական հենքի վրա բռնությունների հիմնական զոհերից մեկն է, եւ Հայաստանը բարձրաձայնել է եզդի ժողովրդի պաշտպանության խնդիրը բազմաթիվ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում:

Նա ընդգծել է, որ «ԴԱԵՇ-ի ոճով գլխատումները եւ այլ զազրելի վայրագություններն արդեն իսկ միայն Մերձավոր Արեւելքով չեն սահմանափակվում»:

«Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԴԱԵՇ-ի շարքերը համալրել են նշանակալի թվով գրոհայիններ ԵԱՀԿ մասնակից այն երկրներից, որոնք սահմանակցում են Հայաստանին: Դա անհանգստացնող հանգամանք է մեզ համար, եւ համոզված եմ ԵԱՀԿ բազմաթիվ մասնակից երկրներ կիսում են այս մտահոգությունը»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am