«Հայ-ռուսական կապերին ոչինչ չի սպառնում», ասել է Փաշինյանը - Mediamax.am

5762 դիտում

«Հայ-ռուսական կապերին ոչինչ չի սպառնում», ասել է Փաշինյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ «հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում»:

«Այս շարժումը չի ունեցել որեւէ արտաքին քաղաքական պահանջներ: Չկա որեւէ արտաքին քաղաքական եւ աշխարհաքաղաքական կոնտեքստ, չկա աշխարհաքաղաքական դավադրություն: Հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, ընդհանրապես ոչ մի բան: Սակայն սա չի նշանակում, որ չկան հարցեր, որոնք հարկավոր է քննարկել»,- ասել է պատգամավորը «Կոմերսանտ» թերթում այսօր հրապարակված հարցազրույցում:

 

«Օրինակ, կա հարց հայկական ապրանքների համար ռուսական շուկայի հասանելիության մասին, հայկական վարորդական իրավունքների, Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի իրավունքի հարցեր եւ այլն: Կան կենսական հարցեր, որոնց մասին պետք է խոսել եւ լուծել դրանք: Չկան անլուծելի հարցեր:

 

Մենք առաջ չենք քաշում հարցեր, մենք ասում ենք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ եւ դաշնակիցներ են եւ այդպես էլ կմնան:

 

Հայաստանը կմնա Եվրասիական տնտեսական միության կազմում: Հայաստանը մնում է ՀԱՊԿ կազմում: Ռուսական ռազմակայանը մնում է Հայաստանում: Ռուս սահմանապահները կշարունակեն պաշտպանել հայ-թուրքական սահմանը: Այս ամենն երաշխավորված է, այլեւս պետք չէ այս ամենի մասին խոսել: Սակայն մենք չենք ասում, որ Եվրասիական տնտեսական միությունում ամեն ինչ կատարյալ է, ոչ մի խնդիր չկա: Մենք չենք ասում, որ ՀԱՊԿ-ում որեւէ խնդիր չկա», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

«Մենք ուզում ենք ճշգրտել՝ ինչ հստակ պարտավորություններ մենք, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը ունենք միմյանց հանդեպ, որովհետեւ մեզ շատ է անհանգստացնում, երբ տեսնում ենք, որ Բելառուսն ու Ադրբեջանը շատ են մտերմանում»,- հստակեցրել է ընդդիմության առաջնորդը:

 

Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հարկավոր է քննարկել նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցերը:

 

«Իհարկե, մենք պետք է խոսենք այդ մասին: Իսկ Ռուսաստանին ամեն ինչ բավարարու՞մ է Հայաստանի քաղաքականության մեջ: Կարծում եմ, նրանք նույնպես ասելիք ունեն: Կլինի նորմալ, բարեկամական, դաշնակցային երկխոսություն, եւ դա լավ է»,- ասել է քաղաքական գործիչը:

 

Նիկոլ Փաշինյանը համոզմունքն է հայտնել, որ «Ռուսաստանը չի միջամտելու մեր գործերին, մենք քննարկելու ենք միայն արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին