ԵՄ-ն սպասում է Փաշինյանի հետ աշխատելուն - Mediamax.am

6857 դիտում

ԵՄ-ն սպասում է Փաշինյանի հետ աշխատելուն


Ֆեդերիկա Մոգերինին եւ Յոհանես Հանը
Ֆեդերիկա Մոգերինին եւ Յոհանես Հանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միությունն այսօր հայտարարություն է տարածել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Հայաստանի Ազգային Ժողովը՝ Սահմանադրության համաձայն, Նիկոլ Փաշինյանին ընտրել է վարչապետ:

 

Եվրոպական միությունը սպասում է նրա եւ նրա կառավարության հետ աշխատելուն՝ 2017թ. նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ) կյանքի կոչելու համար՝ ժողովրդավարության հետագա ամրագրման, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար բարգավաճ եւ կայուն երկրի ստեղծման նպատակով»,- ասված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ ԵՄ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ:

 

Այս նպատակներին հասնելու համար ԵՄ պաշտոնյաները կարեւորել են շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հետ լիարժեք երկխոսության ծավալումը:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2018թ. ապրիլի սկզբին Նիկոլ Փաշինյանը քննադատել էր Եվրամիությանը՝ վերջինիս դիրքորոշումը «չափազանց լավատեսական» որակելով եւ նշելով, որ ՀԸԳՀ-ով պայմանավորված բարեփոխումները հիմնականում «կոսմետիկ» բնույթ են կրելու:

 

«Եվրամիության ինչ-որ մի պաշտոնյա է գալիս Հայաստան, հանդիպում կառավարության հետ, քննարկում են բարեփոխումների ոլորտները: Մեր կառավարությունն ասում է. «Ուզո՞ւմ եք փոխել մեր դատական համակարգը»: ԵՄ-ն դրական է պատասխանում, կառուցվում են դատարանների նոր շենքեր՝ լավ աթոռներով ու հաճելի պատուհաններով, սակայն բովանդակային փոփոխություն տեղի չի ունենում: Սա է Հայաստանի եւ Եվրամիության համագործակցությունը», - ասում էր Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին