ԵՄ-ն սպասում է ՀՀ «պատմության մեջ լավագույն ընտրություններին» - Mediamax.am

2918 դիտում

ԵՄ-ն սպասում է ՀՀ «պատմության մեջ լավագույն ընտրություններին»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «նոր խորհրդարանը եւ կառավարությունը կառուցված կլինեն հանրային լայն աջակցության եւ վստահության վրա, ինչը կօգնի ավարտին հասցնել թավշյա հեղափոխությունից սկսած գործընթացը»:

Կառավարության ղեկավարն այս մասին ասել է նոյեմբերի 13-ին՝ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է եւ ընդգծել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ` զարգացնելու երկկողմ  գործընկերությունը եւ բարեփոխումները:

 

Նա ասել է, որ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզն արդեն մշակվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եւ փոխանցվել Եվրամիության քննարկմանը: 

 

«Շնորհակալություն եմ հայտնում ընտրությունների կազմակերպման հարցում ԵՄ աջակցության համար: Ձեր օգնությունը կօգնի լրացնել գոյություն ունեցող կարողությունները, որպեսզի բարեփոխումներն ավելի արդյունավետ լինեն: Պատահական չէ, որ այսօր, երբ մենք արդեն նշանակալի առաջընթաց ենք գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում, մեր հասարակությունն եվրոպական գործընկերներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Պյոտր Սվիտալսկին ընդգծել է Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունների փաստը եւ համոզմունք հայտնել, որ դրանք նոր արդյունք կապահովեն Հայաստանի ժողովրդի համար: 

 

«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին