Պետո Դեմիրճյան. Թուրքիան ավելի շատ աղմկում էր, քան ընդդիմանում - Mediamax.am

exclusive
4838 դիտում

Պետո Դեմիրճյան. Թուրքիան ավելի շատ աղմկում էր, քան ընդդիմանում

Պետո Դեմիրճյանը
Պետո Դեմիրճյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը`


Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 15-ին ընդունված բանաձեւը մշակվել է ԵՄ-ում ՀՀ առաքելության եւ Եվրոպայում Հայ դատի հանձնախմբի համագործակցության արդյունքում:

 

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում պատմել է բանաձեւի մշակման, ընդունման եւ թուրքական լոբբիի հակազդեցության մասին:

 

-Պրն Դեմիրճյան, պատմե՛ք, թե մասնավորապես ի՞նչ աշխատանք է կատարվել բանաձեւի ընդունման ուղղությամբ: 

 

- Մի քանի ամիս առաջ, մեր՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը հանդիպում ունեցավ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի գրասենյակի ներկայացուցիչների հետ` ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարեւորությունը հայության համար, եւ 100-րդ տարելիցը ոգեկոչող, հայության դատին զորակցություն հայտնող բանաձեւի ընդունման անհրաժեշտությունը: Ուրախ ենք ասելու, որ Եվրախորհրդարանի նախագահի գրասենյակի կողմից դրական ընկալվեց մեր դիմումը: Դիմեցինք նաեւ Եվրախորհրդարանի քաղաքական խմբերին, որոնք բոլորն էլ ընդունեցին մեր առաջարկը: Կարեւոր է նշել, որ ամբողջ այս աշխատանքն ընթանում էր մեր գրասենյակի եւ Բելգիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ քայլերով: Ինչպես միշտ, Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը դիմեց նաեւ Եվրոպայի տարածքում գտնվող Հայ դատի շրջանային հանձնախմբերին, որ նրանք էլ դիմեն իրենց երկրներից ընտրված պատգամավորներին` սատարելու բանաձեւի ընդունումը:

 

Բանաձեւի նախնական տարբերակը պատրաստվեց Ազատական խմբակցության անդամ, ֆրանսացի Ժան-Մարի Քավատայի կողմից, որից հետո յուրաքանչյուր քաղաքական խումբ իր տարբերակը պատրաստեց: Մենք որոշակի բարեփոխումներ կատարեցինք եւ առաջարկներ ներկայացրինք, որոնց մեծամասնությունն ընդունելի եղավ, ընդհանուր համաձայնություն ձեւավորվեց բանաձեւի վերջնական բովանդակության շուրջ, ու հասանք չորեքշաբթի օրվա դրական քվեարկությանը, եւ բանաձեւի ընդունմանը` ներառելով միայն երկու բարեփոխում` Հռոմի Ֆրանցիսկոս պապի ապրիլ 12-ին մատուցած պատարագից հետո:

 

-Ի՞նչ դիմադրության է հանդիպել բանաձեւը թուրքական լոբբինգի կողմից:

 

- Մենք հատուկ դիմադրության ականատես չեղանք: Ավելի շատ աղմուկ էր, քան իսկական դիմադրություն: Թուրքական ճնշում կար, անշուշտ, նախագահի, կառավարության եւ խորհրդարանի կողմից՝ կոչերի ու հայտարարությունների տեսքով: Սակայն ոչ մի ձեւով սրանք խոչընդոտ չհանդիսացան բանաձեւի ընդունման համար: Իսկ ընդունումից հետո ականատես եղանք հայտարարությունների թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի կողմից:

 

-  Բանաձեւի ընդունումն արդյոք հանդիպե՞լ է դիմադրության եվրոպական քաղաքական կուսակացությունների շրջանում:

 

- Բանաձեւը որեւէ դիմադրության չի հանդիպել: Դրա վկայությունն են Եվրախորհրդարանի քաղաքական բոլոր խմբակցությունների կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ  ընդունումը, տասնյակ պատգամավորների հայտարարությունները Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաեւ հայությանը զորակցելու խոսքերը:

 

- Ի՞նչ դեր կխաղա այս բանաձեւի ընդունումը՝ Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի տեսանկյունից:

 

- Վստահ ենք, որ բանաձեւն իր դրական մեծ ազդեցությունը պիտի ունենա Եվրամիության անդամ երկրների վրա, հատկապես այն պետությունների, որոնք դեռեւս Հայոց ցեղասպանության իրողությունը պաշտոնապես չեն ընդունել, եւ նոր խթան կհանդիսանա Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար, ինչը ժամանակավորապես դժվարացած էր տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Շատ հավանական է, որ մոտ ապագայում մի քանի երկիրներ բանաձեւեր ընդունեն:

 

Պետք է նշել, որ այս բանաձեւը կվերահաստատի Եվրախորհրդարանի կողմից 1987թ. ընդունած  բանաձեւը, ինչպես նաեւ Մարդու Իրավունքների տարեկան զեկույցը, որով Եվրախորհրդարանը կոչ է անում երկրներին, Եվրոպական հանձնաժողովին  եւ ԵՄ Խորհրդին` պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս բանաձեւի վրա հիմնվելով՝ մենք կկարողանանք մեծ հաջողությունների հասնել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման աշխատանքների մեջ:

 

Պետո Դեմիրճյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին