Կարեն Միրզոյան. Բանաձեւի ընդունումը փաստում է, որ ԼՂՀ-ն արժանի է դառնալ միջազգային հանրության լիարժեք անդամ - Mediamax.am

exclusive
4189 դիտում

Կարեն Միրզոյան. Բանաձեւի ընդունումը փաստում է, որ ԼՂՀ-ն արժանի է դառնալ միջազգային հանրության լիարժեք անդամ


Կարեն Միրզոյանը
Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` european-times.com


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ողջունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատի կողմից Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւի ընդունումը։

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ նախօրեին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատն ընդունել է AJR 32 բանաձեւը, որը սատարում է Արցախի ՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ջանքերը եւ պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին աջակցել Արցախի ինքնորոշմանն ու ժողովրդավարական զարգացմանը:

 

«Ողջունում եմ ԼՂՀ-ի ազատ եւ անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին հավանություն տվող ու սատարող բանաձեւի ընդունումը: Բանաձեւը գալիս է փաստելու այն պարզ իրողությունը, որ այսօր քաղաքակիրթ հասարակությունը բարձր է գնահատում պետականաշինության գործընթացում Արցախի ունեցած ձեռքբերումները եւ ավելի ու ավելի է հանգում այն համոզման, որ ԼՂՀ-ն եւ նրա ժողովուրդն արժանի են դառնալ միջազգային հանրության լիարժեք անդամ»,- պատասխանելով Մեդիամաքս-ի թղթակցի հարցին՝ հայտարարել է Կարեն Միրզոյանը:

 

ԼՂՀ ԱԳ նախարարի խոսքերով, բանաձեւի ընդունումը նաեւ հստակ ազդանշան է առ այն, որ Ադրբեջանի փորձերը՝ խափանելու Արցախի ժողովրդի եւ իշխանությունների ջանքերը՝ կերտել ազատ եւ ժողովրդավարական պետականություն, ապարդյուն են։

 

«Համոզված եմ, որ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը՝ ապահովելով Արցախի ժողովրդի իղձերի իրականացումը»,- ասել է Կարեն Միրզոյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին