Ադրբեջանը իրական սպառնալիք է դարձել, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

3228 դիտում

Ադրբեջանը իրական սպառնալիք է դարձել, ասել է Նալբանդյանը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PACE


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ «Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք` Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության համար»:

Հայաստանի արտգործնախարարն այդ մասին ասել է՝ նոյեմբերի 25-ին ելույթ ունենալով Ստոկհոլմի Միջազգային խաղաղության ինստիտուտում:

 

«Որքան միջազգային հանրությունը կոչ է անում հակամարտության կողմերին պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի, այնքան ավելի շատ է Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչում ռազմատենչ, պատերազմ հրահրող հռետորաբանություն, առավել ուժեղանում են հետապնդումները` հաշտեցման կողմնակից ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ։ Որքան կողմերին կոչ է արվում դուրս բերել դիպուկահարներին շփման գծից եւ ստեղծել միջադեպերի ու հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմ, այնքան ավելի շատ դիպուկահարների կրակոցներ, սադրիչ միջադեպեր, դիվերսիոն գործողություններ են հետեւում ադրբեջանական կողմից», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

«Վերջին երեք ամիսների ընթացքում եռանախագահ երկրները նախաձեռնեցին գագաթաժողովներ`Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ` առաջին հերթին լարվածության նվազեցման եւ իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով: Փարիզյան հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարությունը բարձրացրեց հակահայկական սադրիչ հռետորաբանության մի նոր ալիք, եւ այդ երկրի պաշտպանության նախարարը նորից սպառնաց, որ իր երկիրը կլուծի ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով:

 

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողների կյանք, Բաքվի վերջին հանցավոր սադրանքներից է: Ադրբեջանական զինուժը գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի խոցման վայրը պահեց ինտենսիվ կրակի տակ` խոչընդոտելով փրկարար խմբերին, ԵԱՀԿ, ԿԽՄԿ ներկայացուցիչներին՝ զոհված օդաչուների մարմինները տարհանելու գործում։

 

Առերեսվելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպտագույն խախտմանը` Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված եղավ դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին եւ մյուս երկու օդաչուների մասունքները», - ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին