Խաղաղության պայմանագրի մշակումը հնարավոր է միայն հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո - Mediamax.am

3384 դիտում

Խաղաղության պայմանագրի մշակումը հնարավոր է միայն հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո


ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PACE


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Բազելում ասել է, որ խաղաղության համապարփակ պայմանագրի մշակման աշխատանքները կարող են սկսվել միայն հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերումից հետո:

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ պարունակվող կոչը` «հնարավորինս շուտ սկսվել համապարփակ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ բանակցությունները», Էդվարդ Նալբանդյանն ասել է.

 

«Հիմնարար սկզբունքները հնարավոր կլինի համաձայնեցված համարել, երբ Լեռնային Ղարաբաղը տա իր համաձայնությունը: Միայն այդպիսի պայմանավորվածությունից հետո հնարավոր կլինի սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքները», - ասել է ՀՀ արտգործնախարարը:

 

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին՝ փարիզյան հանդիպմանը՝ նախարարն ասել է, որ Փարիզում որեւէ նոր բան չի քննարկվել:

 

«Փարիզում առաջարկվել էր համատեղ հայտարարություն անել, որտեղ կնշվեին հայտնի 3 սկզբունքները` ուժի ու դրա սպառնալիքի կիրառման բացառումը, ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը, սակայն Ադրբեջանը հրաժարվեց դրանից, ինչի պատճառով էլ համատեղ հայտարարություն չեղավ», - նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին