Նալբանդյան. Ադրբեջանում յուրովի են ընկալում մարդասիրությունը - Mediamax.am

4095 դիտում

Նալբանդյան. Ադրբեջանում յուրովի են ընկալում մարդասիրությունը


Էդվարդ Նալբանդյանը
Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ «Ադրբեջանում յուրովի են ընկալում մարդասիրությունը, իսկ դրա իրական դրսեւորումները ծառայեցնում են ատելության խորացման համար»։

Նախարարն այդ մասին ասել է՝ փետրվարի 25-ին Ազգային Ժողովում պատասխանելով պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին:

 

Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ «ադրբեջանցի դիվերսանտների հանցագործությունները, նրանց կողմից կատարված սպանությունները բացահայտված, փաստագրված եւ ապացուցված են, ներառյալ՝ 17-ամյա պատանու առեւանգումը, խոշտանգումը եւ դաժան սպանությունը»։

 

«Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, թե մարդասպաններին ինչպես են ընդունում եւ հերոսացնում Ադրբեջանում, ինչպես դա եղավ տխրահռչակ Սաֆարովի դեպքում։ Բնական է, որ քաղաքակիրթ աշխարհը խոսում է մարդասիրության մասին։ Սակայն ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել Ադրբեջանի պարագայում։ Ադրբեջանում հայտնված քա՞նի հայազգի քաղաքացիական անձինք են ադրբեջանցիների կողմից ահաբեկիչների ոճով տեսախցիկների առջեւ նվաստացվել, ապա՝ սպանվել։ Կամ այդ ի՞նչ մարդասիրությամբ էին առաջնորդվում Բաքվում, երբ մերժում էին միջազգային կառույցների, ներառյալ՝ Կարմիր խաչի, ԵԱՀԿ-ի, եռանախագահների կոչերը` պայմաններ ստեղծել խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների տարհանման համար», - ասել է նախարարը:

 

Էդվարդ Նալբանդյանը նաեւ հերքել է լուրերն այն մասին, որ Երեւան կատարած վերջին այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բարձրացրել են ադրբեջանցի դիվերսանտներին ներում շնորհելու մասին հարցը:

 

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը փետրվարի 18-ին Երեւանում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տարածքում հայտնաբերված եւ ներկայումս մեղադրյալի աթոռին նստած ադրբեջանցի դիվերսանտների խնդրին, ասել էր, որ չնայած տեղի ունեցած «սոսկալի հանցագործությանը», ԱՄՆ-ն պատկան մարմիններին կոչ է անում «մարդասիրական քայլ անել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին