Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր, ասել է նախագահը - Mediamax.am

5188 դիտում

Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր, ասել է նախագահը


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` RIA Novosti


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

«Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Սրանք 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին եւ հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին եւ արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլեւ զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Ընդ որում, հակառակորդն այդ ընթացքում օգտագործում էր ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները եւ բոլոր տիպի զրահամեքենաները: Հակառակորդի կորուստները, ինչպես օդուժի, այնպես էլ հետեւակի ու զրահատեխնիկայի, զգալի են: Մենք էլ ունենք կորուստներ. այս պահի դրությամբ 18 զոհ ունենք եւ 35-ին մոտ վիրավոր», - ասել է ՀՀ նախագահը:

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ ԱՄՆ հանդիպել է Միացյալ Նահանգներ փոխնախագահ Բայդենի եւ պետքարտուղար Քերիի հետ:

 

«Նրանց կոչ եմ արել, որպեսզի սաստեն Ադրբեջանին՝ չխախտել հրադադարի կանոնները, բայց, ինչպես տեսաք, այդ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ հետո տեղի ունեցան իրադարձություններ, որ դեռեւս հայտնի չեն, թե ինչի կվերաճեն: Այս պահին սադրանքները շարունակվում են. հյուսիսում եւ հարավում կա որոշակի լարվածություն, բայց, ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: 

 

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը գործում են ըստ նախապես մշակված պլանի, եւ որոշակի նախարարություններ, կարծում եմ, առանց աժիոտաժի, առանց որեւէ լարվածության պետք է անցնեն ուժեղացված աշխատանքի, ուժեղացված ծառայության, ինչպես նախատեսված է մեր ծրագրերով: Միջոցներ են ձեռնարկվել սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգության ապահովման համար: Կարծում եմ՝ այդ միջոցները բավարար են, բայց ես համոզված եմ եւ առաջարկում եմ քննարկենք, որ մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք», - ասել է նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին