Կառավարությունը Արցախը ճանաչելու օրինագիծը ուղարկեց ԱԺ - Mediamax.am

8245 դիտում

Կառավարությունը Արցախը ճանաչելու օրինագիծը ուղարկեց ԱԺ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի ընդունումը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ, պայմանավորված է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները:

 

Նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը, քանի որ` Արցախի Հանրապետությունը, իբրեւ ԽՍՀՄ ապագաղութացման սուբյեկտ, նախկին միութենական հանրապետությունների նման իր անկախությունը նվաճել է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ ԽՍՀՄ իրավական նորմերին համահունչ, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ այսօր Արցախի Հանրապետությունը` իբրեւ անկախ պետություն, կայացած իրողություն է»:

 

Ազգային ժողովի կողմից ընդունման դեպքում օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու համար:

 

Նախագծում նշվում է, որ «Ադրբեջանի Հանրապետության ռազմական հրապարակային ու այլեւս միջազգայնորեն վավերագրված ու անտեսվող վտանգին դիմակայելու, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության ներկայիս մակարդակը բարձրացնելու շահախնդրությամբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ մեկտեղ երաշխավորում է Արցախի Հանրապետության բնակչության ապահովությունն ու նրա տարածքային ամբողջականությունը` Արցախի Հանրապետության նկատմամբ նախահարձակ որեւէ գործողության կամ բացահայտ սպառնալիքի դեպքում:

 

Սույն օրենքի ընդունմամբ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը չի բացառում Արցախի Հանրապետության ժողովրդի կամոք այլ կարգավիճակի սահմանումը` այն հանրաքվեով ամրագրելու պարագայում: Արցախի ազգաբնակչության կողմից նման որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կնպաստի դրա կենսագործմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին