Ալիեւի խոսքերը քիչ հավատ են ներշնչում, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

8197 դիտում

Ալիեւի խոսքերը քիչ հավատ են ներշնչում, ասել է ՀՀ նախագահը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ բավարարված է Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման արդյունքներից:

«Վիեննայի հանդիպմանը մասնակցելու հայկական կողմի նպատակն էր պարզել, թե արդյոք իրականու՞մ բանակցությունները մտել են փակուղի եւ այլ ելք չկա, քան պատերազմելը: Ընդհանուր առմամբ, ես եւ իմ գործընկերները բավարարված ենք հանդիպման արդյունքներով»,-  Վիեննայից Երեւան ուղեւորվելիս ինքնաթիռում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  

 

Նախագահի խոսքերով, հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ իր երկիրը եւ անձամբ ինքը նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել խնդրի լուծմանը:

 

«Դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում, որովհետեւ այսպիսի խոսակցություններ եղել են բազմիցս, բայց իրականության մեջ այդ պայմանավորվածությունները չեն պահպանվում: Կտեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան: Մենք պատրաստ ենք ցանկացած ելքի, բայց մեր ցանկությունն է, որ այդ ելքը լինի խաղաղ ճանապարհը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նրա խոսքերով, Վիեննայում խոսվել է առաջիկայում նախագահների հանդիպում կազմակերպելու մասին:

 

«Մենք կառուցողական առաջարկություն արեցինք՝ առաջարկելով  մինչ այդ  հանդիպումը հաստատել շփման գծում հրադադարի պահպանման մշտադիտարկումը: Մենք չենք խոսել բանակցությունների մասին: Որեւէ պայմանների մասին չենք խոսել: Խոսել ենք հրադադարի ռեժիմի պահպանման մասին, եւ ես ցանկություն եմ հայտնել, որ եթե լինելու է հանդիպում, ապա լինի մշտադիտարկման հաստատումից հետո: Կարծում եմ, շատ կարճ ժամանակահատվածում կավելանա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի գրասենյակի անձնակազմը եւ որքան շուտ հաստատվի մոնիտորինգը, այնքան լավ»,- նշել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին