4330 դիտում

ՀՀ ԱԳՆ. «Ալիեւը թոզ է փչում իր հասարակության աչքին»


Լուսանկարը` RIA Novosti


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարությունները «կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ»։

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Տիգրան Բալայանն այս մասին նշել է՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

«Հենց Ալիեւի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։

Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր եւ թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Մեդիամաքսը նշում է, որ Իլհամ Ալիեւը ռուսաստանյան «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելեւի հետ զրույցում ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր տեսլականը, ըստ որի՝ «Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am