Արցախի նոր սահմանադրությունը մարտից մասամբ ուժի մեջ կմտնի - Mediamax.am

5810 դիտում

Արցախի նոր սահմանադրությունը մարտից մասամբ ուժի մեջ կմտնի


Լուսանկարը` http://www.arcah.ru


Երեւան: Մեդիամաքս: Մարտի երկրորդ կեսից Արցախում մասամբ ուժի մեջ կմտնի փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքով ընդունված նոր Սահմանադրությունը:

Այս մասին Մեդիամաքսին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  մամուլի ծառայության ղեկավար Լիլիթ Ասրյանը:

 

Նոր Սահմանադրության համաձայն` Սահմանադրության 1-3-րդ եւ 12-րդ գլուխները ուժի մեջ են մտնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելու օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

«Փետրվարի 27-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի հանրաքվեի վերջանական տվյալները, որից հետո, մոտ մեկ շաբաթյա ժամկետում, արդարադատության նախարարությունը կկազմակերպի պաշտոնական տեղեկագրի հրապարակումը»,- նշել է Լիլիթ Ասրյանը:

 

Սահմանադրության 4-11-րդ գլուխները, այն է` Հանրապետության նախագահի (բացառությամբ 93-րդ հոդվածի 11-րդ կետիˋ նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը՝ բացառությամբ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում ընկած ժամանակահատվածի, պատերազմի եւ արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաեւ այն դեպքի, երբ ռազմական դրության ժամանակ հրամանագիր է ընդունել ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ, եւ 96 հոդվածիˋ Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելը), Ազգային ժողովի, Դատարանների եւ բարձրագույն դատական խորհրդի, դատախազության, Տեղական ինքնակառավարման, Մարդու իրավունքների պաշտպանի, Վերահսկիչ պալատի մասին գլուխները, ուժի մեջ են կմտնեն Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ կշարունակի գործել 2006 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները:

 

Նոր Սահմանադրությամբ եւս Արցախի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են:

 

Նախատեսվում է նաեւ, որ Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ տարվա ընթացքում պետք է իրականացվի վարչատարածքային բաժանման վերանայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին