Փորձագետները քիչ հավանական են համարում պատերազմի վերսկսումը - Mediamax.am

4697 դիտում

Փորձագետները քիչ հավանական են համարում պատերազմի վերսկսումը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանցի եւ ռուսաստանցի քաղաքագետները կարծում են, որ առաջիկա ամիսներին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունը փոքր է։

«Ապրիլյան պատերազմից հետո մենք նոր իրականության առջեւ ենք կանգնած եւ լիարժեք հասկանում ենք, որ հույսը պետք է դնենք մեր ռազմական ներուժի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

 

Փորձագետը նշել է, որ Ադրբեջանը կշարունակի անհաջող ներթափանցման փորձեր կատարել, եւ չի բացառել առաջիկա ամիսներին լուրջ բախման հնարավորությունը: 

 

«Ադրբեջանը նման քայլերով փորձում է ամբողջությամբ արդարացնել խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի տապալումը»,- ասել է Ռիչարդ Կիրակոսյանը։

 

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ նկատել է, որ Մինսկի խմբի համանախագահներն այսօր առավել քան երբեւէ պետք է հասցեական հայտարարություններ անեն։

 

«Միայն այդ դեպքում կողմերն ավելի պատրաստակամ կլինեն զերծ մնալ հրադադարի խախտումներից»,- ասել է Ստեփան Գրիգորյանը։

 

ՌԴ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն էլ կարծում է, որ «հակամարտության լուծման բանալիները շատ են, որոնք կողմերի ձեռքերում են»։

 

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական բարդ զարգացումների համատեքստում ԼՂ խնդիրն այսօր համանախագահ երկրների համար քիչ կարեւորություն ունի, ուստի խաղաղ լուծմանն ուղղված ջանքերի ակտիվացում չի ակնկալվում։

 

«Թեեւ Ռուսաստանի համար այս հարցն ուրիշ է, քանի որ Մոսկվան առանձնահատուկ հարաբերություններ ունի թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի հետ, այդուհանդերձ, նրա համար եւս այսօր ԼՂ հարցը քիչ կարեւոր է»,- նշել է ռուսաստանցի փորձագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին