Լավրով. ԼՂ խնդրի առանցքային հարցերի շուրջ համաձայնեցում չկա - Mediamax.am

6981 դիտում

Լավրով. ԼՂ խնդրի առանցքային հարցերի շուրջ համաձայնեցում չկա


Լուսանկարը` ՌԴ արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բովանդակային բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ է նվազեցնել սահմանային լարվածությունը։

Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած բանակցությունների արդյունքներով:

 

«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ենթակա է կարգավորման։ Սրա մասին են խոսում բազմամյա շփումների արդյունքները, որոնք հանգեցրել են կարգավորման համար կարեւոր հարցերի փոխըմբռնման»,- ասել է Սերգեյ Լավրովը։

 

Ըստ նրա՝ խոսքն այնպիսի հարցերի մասին է, ինչպիսիք են «անվտանգությունը, մարդասիրությունը, ԼՂ որոշ շրջանների վերադարձը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը»։

 

«Այս հարցերի մեծ մասով մենք համաձայնություն ունենք,- նշել է Սերգեյ Լավրովը։ - Բայց երկու-երեք թեմաներ, որոնք վերջնական փաթեթի համար առանցքային են, դեռ քննարկվում են։ Չեմ թաքցնի, մենք դեռ հեռու ենք նրանից, որ տեսնենք մի իրավիճակ, երբ կողմերը մշակում են միասնական մոտեցում այս ասպեկտների շուրջ»:

 

Էլմար Մամեդյարովն էլ նշել է, որ Ռուսաստանը շատ լուրջ քայլեր է կատարում ԼՂ կարգավորման ուղղությամբ։

 

«Մենք այսօր մանրամասն քննարկել ենք, թե որ ուղղությամբ պետք է առաջ շարժվենք։ Քիչ թե շատ որոշ նախադրյալներ կան»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին