«Տղա եք, հողերը մի տվեք, բայց ազգը մեղք է», ասել է ՀԱԿ ղեկավարը - Mediamax.am

12300 դիտում

«Տղա եք, հողերը մի տվեք, բայց ազգը մեղք է», ասել է ՀԱԿ ղեկավարը


Լեւոն Տեր-Պետրոսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եղել ու մնում է «մեր երկրի գլխավոր հարցը»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը չի համաձայնել այն կարծիքի հետ, որ այսօր կարգավորման բանակցությունները սառեցված են: Ընդհակառակը, ասել է նա, «հիմա ամենաինտենսիվ փուլն է»:

 

«Կողմերը չեն խոսում միմյանց հետ, սակայն բանակցություններ են վարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, քննարկելով այն 2-3 կետերը, որոնք դեռեւս համաձայնեցված չեն», - ասել է ՀԱԿ ղեկավարը՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկնել է վերջերս հնչեցրած պնդումն այն մասին, որ Ռուսաստանի համար, որն ակտիվ դերակատարություն է ստանձնել Մերձավոր Արեւելքում, ԼՂ հակամարտության կարգավորումը հրատապ խնդիր է դարձել:

 

ՀԱԿ առաջնորդն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սատարում են «Մադրիդյան փաստաթղթին», եւ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան վերջին շրջանում կամովին զիջել են առաջատարի դերը Ռուսաստանին:

 

Նա չի բացառել, որ մի օր համանախագահ երկրների համբերությունը կարող է սպառվել եւ նրանք կպարտադրեն լուծումը կողմերին՝ օրինակ բերելով Բոսնիայի հակամարտության կարգավորման համար կնքված Դեյթոնյան համաձայնագրերը:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ԼՂ հակամարտության չկարգավորված լինելը Հայաստանում առկա խնդիրների (աղքատություն, արտագաղթ եւ այլն) գլխավոր պատճառն է: Առաջին նախագահը շեշտել է, որ պետության ղեկավարները բնակչությանը չեն պատրաստել խաղաղությանը, փոխադարձ զիջումների անհրաժեշտությանը եւ մշտապես ձգտել են պահպանել ստատուս-քվոն:

 

Հայաստանի առաջին նախագահն ասել է, որ 1998 թվականի հրաժարականի ժամանակ իր արված բոլոր բացասական կանխատեսումներն իրականացել են եւ հաստատվել է այն թեզը, որ Հայաստանը չի կարող զարգանալ, քանի դեռ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի համար անվտանգության գոտի ծառայող տարածքների վերադարձը անխուսափելի է, քանի որ դա բխում է ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերից:

 

«Ի՞նչ ենք անելու, ծնկի ենք բերելու ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին: Անգամ եթե Բաքուն գրավեք, վաղ թե ուշ պետք է տարածքները վերադարձնեք: Տղա եք, հողերը ետ մի տվեք, բայց այս ազգը մեղք է», - ասել է ՀԱԿ ղեկավարը:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել է, որ ազգի «իրական թշնամիները եւ գերեզմանափորերը բոլոր այն մարդիկ են, որոնք դավանում են «ոչ մի թիզ հող» սկզբունքը:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը հերքել է պնդումներն այն մասին, որ գաղտնի պայմանավորվածություններ ունի իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ:

 

«Մենք սատարում ենք Սերժ Սարգսյանին եւ նրա կառավարությանը՝ Մադրիդյան սկզբունքները իրագործելու հարցում: Խոսքը միայն սրա մասին: Որեւէ այլ հարցում մենք այդ քաղաքական ուժի հետ միասին անցնելու ճանապարհ չունենք: Անգամ մղձավանջային երազում հնարավոր չէ պատկերացնել, թե մենք կարող ենք ՀՀԿ-ի հետ կոալիցիա գնալ: Բայց ես պատրաստ եմ մինչեւ վերջ կանգնել Սերժ Սարգսյանի կողքին՝ կարգավորման ծրագիրը իրագործելու համար: Նույնը կանեի, եթե իշխանության լինեին եւ այս ծրագիրը իրագործելու պատրաստակամություն հայտնեին դաշնակցականները կամ կոմունիստները», - ասել է ՀԱԿ առաջնորդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին