Կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքին է, ասել է Տեր-Պետրոսյանը - Mediamax.am

6966 դիտում

Կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքին է, ասել է Տեր-Պետրոսյանը


Լեւոն Տեր-Պետրոսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարեւորել է արտաքին ուժերի դերակատարությունը ԼՂ կարգավորման գործում:

Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ վերջին տարիներին շփման գծում արձանագրվող սրացումները, որոնք իրենց գագաթնակետին հասան 2016 թվականի ապրիլին, պայմանավորված էին նրանով, որ «միջազգային հանրությունը հարմարվել էր սառեցված կոնֆլիկտի հետ եւ լուրջ ջանքեր չէր գործադրում:

 

«Այժմ նոր հանգամանքներ կան, որոնք լավատեսություն են ներշնչում»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ընթացքում: Մասնավորապես, ՀՀ առաջին նախագահն ասել է, որ կարգավորման գործընթացում առանցքային դեր ունի Ռուսաստանը, որն այժմ ակտիվ ներրգավված է Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձություններում:

 

«Քանի որ Ռուսաստանը ներքաշվել է Մերձավոր Արեւելքում, այն չի կարող հանդուրժել, որ այդ ճակատն այսպիսի պայթյունավտանգ թիկունք ունենա: Արդեն բոլորի կողմից ընդունված է, որ Արցախի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքին է: Համանախագահ բոլոր երկրներն էլ ըմբռնումով են մոտենում այս հարցին եւ չեն խանդում: Արեւմուտքն անգամ շնորհակալ կլինի Ռուսաստանին՝ այս հարցը լուծելու համար: Եթե աշխարհում կա մի գերտերություն, որ շահագրգռված է այս հարցի լուծումով՝ Ռուսաստանն է՝ առաջին հերթին իր շահերից ելնելով»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

«Խնդիրը մեր եւ Ադրբեջանի մեջ չէ, խնդիրն աշխարհաքաղաքական է: Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային կառույցների անդամներ են, եւ այդ կառույցներն են որոշելու հակամարտության ուղին, ոչ թե մենք, Ադրբեջանը կամ Արցախը»,- հավելել է Հայաստանի առաջին նախագահը:

 

Նա հիշեցրել է, որ կարգավորման գործընթացի հիմք են մնում Մադրիդյան սկզբունքները, որոնք առաջին անգամ ձեւակերպվել են 2007 թվականին:

 

«Սկզբունքների վերաբերյալ վիճաբանություն չկա, դրանք են՝ տարածքների վերադարձ, ուժի չկիրառում եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սահմանում»,-ասել է ՀԱԿ առաջնորդը:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ ասել է, որ եթե բանակցությունների սկզբում կողմերի տարաձայնությունները հսկայական էին, ապա այսօր խոսքը «մեկ-երկու առարկության» մասին է:

 

«Եթե Հայաստանը հստակ հայտարարի, որ պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը, միջնորդների ճնշումները կուղղվեն Ադրբեջանի կողմ»,- կարծիք է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին