Արցախի ԱԳՆ. Բաքուն խորացնում է կողմերի միջեւ անվստահությունը - Mediamax.am

8450 դիտում

Արցախի ԱԳՆ. Բաքուն խորացնում է կողմերի միջեւ անվստահությունը


Կարեն Միրզոյանը
Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` meduza.io


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությունով՝ մեկ տարի առաջ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում պատերազմական գործողութունների ավարտի կապակցությամբ։

«2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով նախաձեռնեցին լայնածավալ հարձակում՝ օգտագործելով ծանր զինխնիկա, հրետանի եւ ռազմական օդուժ։ Միայն կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելուց հետո Ադրբեջանը ստիպված եղավ 2016թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ խնդրել ռազմական գործողությունների դադարեցում»,- ասված է հայտարարության մեջ։

 

Արցախի ԱԳՆ-ում նշել են, որ «ադրբեջանական ագրեսիան լուրջ մարտահրավեր է դարձել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը եւ մեծ վնաս է հասցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակում ընթացող ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»։

 

«Արցախի Հանրապետությունը հետեւողականորեն աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որոնք վերաբերում են 1994թ. մայիսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի լիակատար պահպանման, 1995թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի դրույթների գործնական կիրառման, ինչպես նաեւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ Վիեննայում (2016թ. մայիսի 16) եւ Սանկտ-Պետերբուրգում (2016թ. հունիսի 20) ձեռք բերված համաձայնությունների իրագործման անհրաժեշտությանը»,- ասված է հայտարարությունում։

 

ԼՂՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բաքուն նպատակաուղղված կերպով խորացնում է կողմերի միջեւ անվստահությունը եւ ձգտում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դարձնել «սեփական ապակառուցողական քաղաքականության ու մաքսիմալիստական պահանջների պատանդը»:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին