Բաքուն պատանդ է վերցրել բանակցային գործընթացը, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

15218 դիտում

Բաքուն պատանդ է վերցրել բանակցային գործընթացը, ասել է Նալբանդյանը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդրում ընդունել է «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» դիրքորոշումը եւ բացահայտորեն սպառնում է նոր ռազմական գործողություններով՝ այդպիսով պատանդ վերցնելով բանակցային գործընթացը, շանտաժի ենթարկելով եւ շարունակաբար վարկաբեկելով համանախագահներին»:

Այս մասին նախարարը հայտարարել է նախօրեին Հռոմում՝ Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցությունում ունեցած ելույթի ընթացքում:

 

«Ադրբեջանը ջանք չի խնայում՝ տապալելու նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այն է՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, որը ներկայումս միակ միջազգային ներկայությունն է հակամարտության գոտում, եւ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ըստ էության, Ադրբեջանը ցանկանում է ձերբազատվել պայմանավորվածությունները իր կողմից շարունակաբար չկատարելու միջազգային վերահսկողությունից: Այնուամենայնիվ, անգամ կայուն մշտադիտարկման մեխանիզմների բացակայության պայմաններում ակնհայտ է, թե ով է կանգնած խախտումների հետեւում, եւ համանախագահները մատնանշել են Ադրբեջանին՝ որպես հրադադարի խախտումների նախաձեռնողի»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նախարարը հիշեցրել է, որ 2016թ. ապրիլին ադրբեջանական ագրեսիան ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, ներառյալ՝ ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով եւ այլ վայրագություններով:

 

«Ակնհայտ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ Ադրբեջանը փորձում է հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում առկա տնտեսական եւ սոցիալական խնդիրներից, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից եւ հանրային զայրույթից»,- հավելել է ԱԳ նախարարը:

 

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ «հասունացել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունն առավել շոշափելի քայլեր ձեռնարկի Բաքվի սադրիչ եւ ապակառուցողական քաղաքականությունը սանձելու ուղղությամբ»:

 

«Բանակցություններն այլընտրանք չունեն, եւ Հայաստանը՝ համանախագահների հետ միասին, շարունակելու է իր ջանքերը՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ամփոփել է նախարարը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին