Արցախում անվճար տներ կկառուցեն բազմազավակ ընտանիքների համար - Mediamax.am

28003 դիտում

Արցախում անվճար տներ կկառուցեն բազմազավակ ընտանիքների համար


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի կառավարությունը որոշել է 2018 թվականի հունվարի 1-ից բնակարան կամ բնակելի տուն գնել կամ կառուցել հինգ եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար:

Միաժամանակ բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու իրավունք են ստանում նաեւ 2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հինգ եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:

 

Ծրագրից օգտվելու առաջնահերթությունը կտրվի այն ընտանիքներին, որոնցում ծնողներից մեկը կամ նրա ծնողը զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամ է կամ զոհվել (մահացել) է Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ եւ կամ զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս, կամ երեխաների միակ ծնողը մահացել է, կամ երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի:

 

Նույն որոշմամբ հաստատվել է, որ բնակարան կամ բնակելի տուն կգնվի կամ բնակելի տուն կկառուցվի որոշման ընդունման պահից 3 տարվա ընթացքում, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ եւ մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը հինգ եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ 5 տարվա ընթացքում:

 

Արցախի կառավարությունը նաեւ որոշում է կայացրել, ըստ որի՝ հանրապետության զինված ուժերի սպայական կազմի եւ մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու եւ (կամ) վերանորոգելու դեպքում, կտրվի պետական ֆինանսական աջակցություն՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարի սուբսիդավորման ձեւով:

 

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուսումնասիրություն կատարել՝  մյուս ուժային կառույցների աշխատակիցներին եւս ծրագրում հետագայում ընդգրկելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին