Արցախում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները - Mediamax.am

14261 դիտում

Արցախում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները


Լուսանկարը` ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսoր Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը եւ Թուլսի Գեբըրդը:

Կոնգրեսականներին առավոտյան Շուշիում դիմավորել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Այնուհետեւ հյուրերը այցելել են Շուշիի արհեստագործական ուսումնարան եւ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի:

 

ԱԺ նախագահի հետ առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչները:

 

Ներկայացնելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ  Արցախում եւ Հայաստանում մշտապես զգում են Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի աջակցությունը համահայկական նշանակության հարցերում:

 

Խոսելով անցած տարիների համագործակցության մասին՝ Աշոտ Ղուլյանը կարեւորել է 2006թ-ից ԱՄՆ Կոնգրեսում  Արցախի անկախությանը նվիրված միջոցառումների կազմակերպումը եւ Արցախի միջազգային ճանաչման հարցում կոնգրեսականների հետեւողական ջանքերը:

 

«Պատահական չէ, որ հենց ամերիկյան նահանգներից են գալիս Արցախի անկախությունն ու ազատությունը սատարող առաջին ազդակները, որոնք արտահայտվում են նահանգային մակարդակի օրենսդիր մարմինների կողմից ընդունված բանաձեւերի տեսքով: Նման բանաձեւերը ոչ միայն քաջալերում են Արցախի ժողովրդին ազատության համար անհավասար պայքարում, այլեւ մեկ անգամ եւս փաստում են ԱՄՆ-ի հավատարմությունն ազատության բացարձակ գաղափարին»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը:

 

ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունը շեշտել է, որ իրենց գործունեությունը հիմնականում նպատակ ունի ամերիկյան հասարակությանը հասցնելու Արցախի մասին երեք իրողություն, որ Արցախը իրավական երկիր է, որ այն անկախացել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան եւ ունի արդյունավետ գործող պետական ինստիտուտներ:

 

Կոնգրեսական Թուլսի Գեբըրդը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ընդգծել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների կողմից խաղաղության ընկալման արժեքը եւ, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում եւս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին