14372 դիտում

ԵՄ դիրքորոշումը ԼՂ հարցում երբեւէ չի փոխվել, ասել է Նալբանդյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարել է, որ Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ «կոնյունկտուրային չէ, այլ գիտակցված մոտեցում է, որ վնաս չհասցվի հիմնախնդրի կարգավորմանը»:

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասել է Երեւանում Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի հայտարարության վերաբերյալ հարցին առ այն, որ «հռչակագրում մինչ օրս չկարգավորված միակ կետը հակամարտություններին վերաբերող կետն է»:

«Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին եւ մոտեցումներին: Դա ինչ-որ կոնյունկտուրային դիրքորոշում չէ, այլ բավական մտածված, գիտակցված եւ այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին եւ մոտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվրամիության այս դիրքորոշումը երբեւե չի փոխվել»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
    
Անդրադառնալով Ադրբեջանի դերակատարությանն այս հարցում՝ նախարարն ասել է, որ այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ ավելի շուտ Ադրբեջանի եւ Եվրամիության, Ադրբեջանի եւ միջազգային հանրության միջեւ մոտեցումների տարբերության մասին:

«Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, նաեւ նախորդ գագաթաժողովների ժամանակ, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: 

Խոսելով հռչակագրի մասին՝ ԱԳ նախարարն ասել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են, եւ քանի դրանք չեն ավարտվել, հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը վաղաժամ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am