6573 դիտում

ԵԽԽՎ-ն ջուր է լցրել Ադրբեջանի ջրաղացին, ասել է Սարգսյանը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ժամանակը վաղուց արդեն հասունացել է:

«Դրա համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել հաստատված հրադադարի ռեժիմը եւ կատարել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ եւ հաղթահարի արդարության պակասուրդը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած հանձնառությունը պահանջում է հակամարտող բոլոր կողմերի համատեղ ջանքերը:

«Սակայն Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան: 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղեկցվեց խաղաղ բնակչության եւ ռազմագերիների դեմ միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումներով: Դա ծանր հարված էր բանակցային գործընթացին, որն արթնացրեց Սումգայիթի ջարդերի մասին սոսկալի հուշերը»,- նկատել է Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Նա հույս է հայտնել, որ հեռու չէ այն օրը, երբ Արցախի կողքին կկանգնի նաեւ ԵԽԽՎ-ն.

«Արցախի բնակիչը դրան արժանի է եւ այդ իրավունքը վաղուց արդեն վաստակել է»:

Հայաստանի ղեկավարը նաեւ ցավով նկատել է, որ ԵԽԽՎ-ում տեղ են գտել զարգացումներ, որոնք «ջուր են լցրել նրանց ջրաղացին, ովքեր շահագրգռված չեն հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման մեջ»:

«Վեհաժողովի բոլոր անդամներին կոչ եմ անում գիտակցել, թե ինչ բացասական հետեւանքներ կարող են ունենալ անզգույշ կամ կողմնակալ ձեւակերպումները Արցախում առկա առանց այդ էլ փխրուն կայունության վրա»,- ասել է նախագահը: 

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Սերժ Սարգսյանի խոսքով՝ Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքին նետված ամենամեծ մարտահրավերն այն էր, երբ բացահայտվեցին Վեհաժողովում պատգամավորների կաշառման, դրանց արդյունքում անարդար քվեարկությունների դեպքեր:

«2014թ. ի վեր մի շարք քաղաքականապես կողմնակալ եւ աղմկահարույց զեկույցներ, բանաձեւեր հայաստանյան հասարակության շրջանում Վեհաժողովի նկատմամբ վերաբերմունքի խիստ փոփոխություն առաջացրին: Միեւնույն ժամանակ, այդ բացահայտումները հույս են ներշնչում, որ նման արատավոր երեւույթների կյանքը կարճ է»,- ասել է երկրի ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am