exclusive
24256 դիտում

Արմեն Սարգսյան՝ գիտնական, դեսպան, վարչապետ, գործարար


Արմեն Սարգսյանը, արքայազն Չարլզը, Շարլ Ազնավուրն ու Լեւոն Սայանը
Արմեն Սարգսյանը, արքայազն Չարլզը, Շարլ Ազնավուրն ու Լեւոն Սայանը

Լուսանկարը` Բուքինգհեմյան պալատ

Արմեն Սարգսյանը 2008 թվականին
Արմեն Սարգսյանը 2008 թվականին
Արմեն Սարգսյանը եւ արքայազն Չարլզը
Արմեն Սարգսյանը եւ արքայազն Չարլզը

Լուսանկարը` Բուքինգհեմյան պալատ

Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Eurasia House


Ըստ մամուլի եւ որոշ քաղաքական շրջանակների՝ 2018թ. մարտին Ազգային ժողովը կարող է Հայաստանի չորրորդ նախագահ ընտրել նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին:

Մեդիամաքսը «Պարզաբանում» խորագրում ներկայացնում է որոշ դրվագներ Արմեն Սարգսյանի կենսագրությունից:

1.    Ի՞նչ ճանապարհ է անցել Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երեւանում։ Ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ:

Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետը: 1976-1984 թվականները ֆիզիկա է դասավանդել ԵՊՀ-ում, հիմնադրել է տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը:

Դեռեւս Խորհրդային Միության գոյության տարիներին (1984-1985 թթ. եւ 1989-1991 թթ.) եղել է օտարերկրյա հետազոտող եւ դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում:

1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցնում էր Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում դեսպանի պաշտոնները:

1995-1996 թթ. Եվրոպական միությունում Հայաստանի առաքելության ղեկավարն էր:

1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողեց իր պաշտոնը: Մինչ օրս ոմանք հակված են կարծել, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը նրա բախումն էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ: Սակայն այդ վարկածը հաստատող փաստեր չկան: Պաշտոնական վարկածի համաձայն, որն արժանահավատ չհամարելու հիմքեր եւս չկան, Արմեն Սարգսյանը թողեց պաշտոնը՝ ծանր հիվանդությունից բուժման կուրս անցնելու անհրաժեշտությունից ելնելով:

1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է:

Տարբեր տարիներին հանդիսացել է British Petrօleum, Alcatel, Telefonica եւ այլ ընկերությունների խորհրդատու:

Արմեն Սարգսյանը 2008 թվականին Արմեն Սարգսյանը 2008 թվականին


2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

2.    Ի՞նչ էր ասում Արմեն Սարգսյանը 2000թ. ապրիլին:

2000թ. ապրիլի 20-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արմեն Սարգսյանին ազատեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պարտականություններից:

1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո մամուլում պարբերաբար հրապարակումներ էին լինում այն մասին, որ նախագահի հակառակորդները իբր Արմեն Սարգսյանին դիտարկում են որպես այլընտրանք Ռոբերտ Քոչարյանին եւ դեսպանի հետ գաղտնի բանակցություններ են վարում:

Մեդիամաքսի արխիվում պահպանվել է հաղորդագրություն՝ 2000թ. ապրիլի 23-ին կայացած Արմեն Սարգսյանի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպման մասին, որի համաձայն՝ արդեն նախկին դեսպանն ասել էր.

«Այսօր ցավով նշում եմ, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած սպանություններից հետո Հայաստանն ապրում է ծանր ժամանակներ: Երկրի առջեւ ծառացել են քաղաքական եւ տնտեսական բարդ խնդիրներ: Ես միշտ փորձել եմ գործել ոչ միայն խոսքերով եւ արարքներով, այլեւ հոգով ու սրտով: Դիվանագետի եւ պետական ծառայողի պաշտոնում ես չէի կարող բացահայտորեն խոսել իր մտահոգությունների մասին՝ Հայաստանի ղեկավարության գործողությունների կապակցությամբ: Ամեն դեպքում, խիղճս մաքուր է, քանի որ իմ բոլոր խորհուրդները անկեղծ էին: Ցավոք սրտի, իմ տեսակետը Հայաստանի ապագայի վերաբերյալ միշտ չէ, որ համընկել է Հայաստանի ղեկավարների տեսակետների հետ: Առայժմ ես ձեռնպահ կմնամ հետագա հրապարակային հայտարարություններից: Բայց մոտ ապագայում հույս ունեմ հանդիպել ձեզ եւ քննարկել այս եւ այլ կարեւոր հարցեր»:

3.    Արդյոք նա հատուկ կապե՞ր ունի արքայազն Չարլզի հետ:

Ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը եւ արքայազն Չարլզը ծանոթ են տեւական ժամանակ: 2013թ. մայիսին Արքայազն Չարլզը մասնավոր այցով եկել էր Հայաստան եւ դժվար թե այն կայանար, եթե չլիներ Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը եւ արքայազն Չարլզը Արմեն Սարգսյանը եւ արքայազն Չարլզը

Լուսանկարը` Բուքինգհեմյան պալատ


2015թ. հոկտեմբերին Լոնդոնի Վեսթմինսթրյան աբբայությունում կայացել էր 1915թ. Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել էր Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ուելսի արքայազն Չարլզը: Միջոցառման կազմակերպիչը Արմեն Սարգսյանն էր:

4.    Ի՞նչ հարաբերություն ունի Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահի դստեր հետ:

Մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ Արմեն Սարգսյանը եւ Դարիգա Նազարբաեւան վաղեմի ծանոթներ եւ բիզնես գործընկերներ են, սակայն հստակ փաստեր չեն բերվում:

Հայտնի է, որ 2002-ից Արմեն Սարգսյանը հանդիսանում է Աստանայի ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիր, որի կազմկոմիտեի նախագահը Դարիգա Նազարբաեւան է:

Հայտնի է նաեւ, որ Դարիգա Նազարբաեւան Հայաստանում էր 2013թ. մայիսին՝ արքայազն Չարլզի այցի ժամանակ:

5.    Ի՞նչ ներդրումներ էր պատրաստվում անել Արմեն Սարգսյանը Թուրքմենստանում:

2008թ. հունվարի 22-ին Knightsbridge Group ընկերության նախագահ Արմեն Սարգսյանը Աշխաբադում հանդիպել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի հետ: Սարգսյանն ասել էր, որ Knightsbridge Group-ը պատրաստ է հանդես գալ որպես Թուրքմենստանում անլար լայնաշերտ ցանցերի ներդրման նախագծի օպերատոր եւ ներդրող:

Արմեն Սարգսյանը նաեւ ներկայացրել էր Թուրքմենբաշի քաղաքում ժամանակակից նավահանգստի կառուցման, էներգետիկ համագործակցության զարգացման, նավթի ու գազի արդյունահանմանն ու վերամշակմանը մասնակցելու առաջարկները:  

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել էր, որ հնչած առաջարկներն «արժանի են ուշադիր եւ մանրամասն ուսումնասիրության»: Նա Knightsbridge Group-ին առաջարկել էր նաեւ քննարկել ցեմենտի գործարանների շինարարության միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորությունը:

Բաց աղբյուրներում չհաջողվեց գտնել հիշատակումներ այն մասին, թե արդյոք Սարգսյանի եւ Բերդիմուխամեդովի քննարկած նախագծերից որեւէ մեկը իրականություն է դարձել:

6.    Որո՞նք են Արմեն Սարգսյանի բիզնես հետաքրքրությունները Ռուսաստանում:

2012թ. մարտին Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը եւ Ռուսաստանի Լենինգրադի մարզի նահանգապետ Վալերի Սերդյուկովը համագործակցության հուշագիր ստորագրեցին Նովոլադոժյան ջրագծի վերաբերյալ, որի ընդհանուր արժեքը պետք է կազմեր 50 մլրդ ռուբլի:

Սակայն արդեն 2012թ. սեպտեմբերին Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն ասաց, որ մտադիր է վերանայել Knightsbridge-ի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, քանի որ կարծում է, որ մարզին պետք է «ավելի հստակ եւ թափանցիկ առաջարկ»: Նա նշում էր, որ որպես նոր ներդնող կարող է հանդես գալ Դոյչե բանկը:

2013թ. հունվարին Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը եւ ՌԴ Պոմորյեի նահանգապետ Իգոր Օրլովը հուշագիր ստորագրեցին էներգետիկայի, տրանսպորտի եւ տուրիզմի ոլորտներում համագործակցության մասին: Խոսքը, մասնավորապես, Արխանգելսկի օդանավակայանի ու տեղական ավիաուղիների զարգացմանն ուղղված ներդրումների մասին էր:
Արմեն Սարգսյանը Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Eurasia House


Ռուսական Компания ամսագիրը 2013թ. օգոստոսին Одна жизнь в трех частях հոդվածում նշում էր, որ Արմեն Սարգսյանը ղեկավարում է ընդհանուր առմամբ 25 ընկերություն: Ըստ ամսագրի, ռուսական շուկայում աշխատում է համակարգչային անվտանգության խնդիրներով զբաղվող Knightsbridge Cybersystems ընկերությունը, որի տնօրենը նախկին վարչապետի ավագ որդին է՝ Վարդանը:

Հոդվածում նշվում էր, որ Knightsbridge-ը որոշակի մասնաբաժին ունի Արեւմտյան Չումպասի նավթային հանքում:

Компания-ն գրում էր նաեւ, որ Արմեն Սարգսյանի ղեկավարած Highbury Grօup-ը ստեղծել է «Լենինգրադ» կորպորացիան, որն էլ, իր հերթին, հանդիսանում է «Էներգոպրոեկտ» ընկերության բաժնետեր:

«Էներգոպրոեկտ»-ը համարվում է ՌԴ հյուսիսարեւմտյան տարածաշրջանի խոշորագույն կազմակերպությունը, որը զբաղվում է էլեկտրաէներգետիկ ոլորտի նախագծային եւ ինժեներինգային աշխատանքներով:

7.    Հայաստանի տնտեսության ո՞ր ոլորտում էր ցանկանում ներդրումներ անել Արմեն Սարգսյանը:

2008թ. ամռանը Knightsbridge International Telecommunications Holding ընկերությունը Հայաստանի բջջային օպերատորի ընտրության մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել: Դրանից կես տարի առաջ՝ 2008թ. հունվարի 31-ին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունել էր Alcatel-Lucent ընկերության նախագահ Սերժ Չուրուկին եւ Արմեն Սարգսյանին: Նրանք քննարկել էին «գիտահետազոտական ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաեւ Հայաստանն արագ եւ բարձրորակ ինտերնետով ապահովելու ոլորտում համագործակցության հեռանկարները»:

Սակայն, Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր դարձավ ֆրանսիական Orange ընկերությունը:

Սա Հայաստանի կապի ոլորտում ներդրում անելու Արմեն Սարգսյանի առաջին փորձը չէր՝ 2006թ. նրա Knightsbridge Associates-ը VTEL Holdings-ի հետ կոնսորցիում էր ստեղծել եւ մասնակցում էր «ԱրմենՏելի» վաճառքի մրցույթին:

8.    Ի՞նչ հեքիաթներ է գրում Արմեն Սարգսյանի կինը:

2017թ. հունիսին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Արմեն Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում ասել էր.

«Նունեն այսօր դարձել է հայ մանուկների ամենաճանաչելի մանկագիրներից մեկը: Նրա հեքիաթներում նույնիսկ վիշապները կարող են գեղեցիկ ու բարի լինել, լույսի ու խավարի պայքարում միշտ հաղթում է լույսը: Լեզվի ինստիտուտի օգնությամբ Նունեի հեքիաթները փոխադրվել են Գավառի (Բայազետի), Գյումրվա (Կարնո) եւ Արցախի բարբառներով: Այսօր մենք աշխատում ենք սիրելի Նունեի հեքիաթները փոխադրել արեւմտահայերենի: Նրա հեքիաթներից մի քանիսը վերածվել են տիկնիկային բեմադրությունների եւ հաջողությամբ ցուցադրվում են Թումանյանի անվան տիկնիկային եւ Խամաճիկների թատրոններում»:

Պատրաստել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am