Սերժ Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ գագաթնաժողովին - Mediamax.am

3205 դիտում

Սերժ Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ գագաթնաժողովին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` EPP/Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիա՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:

ՀՀ նախագահը նաեւ առանձին հանդիպում կունենա ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:

 

Մեդիամաքս-ը նշում է, որ ս.թ. մարտին 6-ին Սերժ Սարգսյանը Դուբլինում մասնակցել էր Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին:

 

Իր ելույթում ՀՀ նախագահն ասել էր, որ «Եվրոպական Միությունը եւ Արեւելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջեւ»:

 

«Ինչպես եւ նախկինում՝ գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձեւավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը», - ասել է ՀՀ նախագահը:

 

Իսկ 2013 թվականի հուլիսին՝ Քիշնեւում կայացած ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին հետեւած համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանն ասել էր, որ ԵՄ Արեւելյան գործընկերությունն «իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որեւէ պետության կամ պետությունների խմբի դեմ»:

 

«Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը», - շեշտել էր ՀՀ նախագահը:

 

Սերժ Սարգսյանը նաեւ նշել էր, որ «Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը մեծապես կարեւորում է փակ սահմաններին վերջ դնելը»: «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայում», - նկատել էր ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին