«Պայքարելու ենք մինչեւ վերջ», ասել են «Սասնա ծռեր»-ի անդամները - Mediamax.am

8451 դիտում

«Պայքարելու ենք մինչեւ վերջ», ասել են «Սասնա ծռեր»-ի անդամները


Լուսանկարը` Photolure

Պավլիկ Մանուկյանը
Պավլիկ Մանուկյանը

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներն այսօր հայտարարել են, որ «չեն հանձնվելու եւ պայքարելու են մինչեւ վերջ»:

Այս մասին խմբի անդամները հայտարարել են ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ հանդիպմանը:

 

«Մեր պայքարն արդյունքներ է տալիս: Մենք չենք պատրաստվում մեր զենքը վայր դնել: Մեր նպատակն է այս մթնոլորտը տարածել ամբողջ Հայաստանով: Շարժումը կառուցվածքային ձեւեր է ստանում եւ կարճ ժամանակ անց կունենանք այն, ինչ երազում ենք: Ցանկացած գիտակցված ընդվզում բերում է ցանկալի արդյունքի»,- ասել է «Սասնա ծռեր»-ի անդամ, «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

 

Պատասխանելով հարցին, թե ով է լինելու խմբի անվտանգության երաշխավորը, Վարուժան Ավետիսյանը նշել է՝ «Առաջինը՝ ժողովուրդը, երկրորդը՝ մեր զենքը»:

 

Անդրադառնալով կառավարության հրաժարականի հնարավորությանը՝ Վարուժան Ավետիսյանն ասել է, որ այն պետք է երկու պայմանի բավարարի.

 

«Կառավարությունը պետք է բաղկացած չլինի ՀՀԿ-ի եւ նրա հետ բանակցած կուսակցություններից, պետք է ունենա անցումային մանդատ: Նախագահի լիազորությունները պետք է նվազեցվեն: Մաս-մաս հանձնելով լիազորությունները՝ պետք է ապահովել փափուկ անցումը»:

 

Ինչ վերաբերում է Խորենացի փողոցում սկսված շարժման ուղղորդմանը, Վարուժան Ավետիսյանն ասել է, որ պետք է լինի կոլեկտիվ մարմին:

 

«Կուսակցություններին, որպես շարժումը առաջնորդողի, չենք տեսնում: Մաքուր կենսագրություն ունեցող մարդիկ պետք է լինեն: Մենք ստեղծում ենք նոր պետություն: Մենք վերակերտում ենք Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է նա:

 

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը Խորենացի փողոցի ցույցերին՝ Վարուժան Ավետիսյանն ասել է, որ նա ծառայեցնում է շարժումն իր կուսակցական շահերին: 

 

Որպես շարժման հնարավոր առաջնորդի՝ Վարուժան Ավետիսյանը նշել է Արա Պապյանի, Լեւոն Շիրինյանի, Հայկ Մարտիրոսյանի անունները:

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ասել էր, որ իր միջնորդությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամներն հանդիպել են ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ, որի արդյունքում որոշում էր կայացվել ազատ արձակել ՊՊԾ գնդում գտնվող պատանդներին` պայմանով, որ տարածքում ստեղծվելու է մամուլի կենտրոն:

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ ՊՊԾ գնդի տարածքում մամուլի կենտրոնը կգործի 15 օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով: 

 

Նշենք, որ այս պահի դրությամբ վերջին 4 պատանդները, այդ թվում՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ազատ են արձակվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին