Վարչապետը հորդորել է բացառել «անդեմ ու ոչինչ չասող» պատասխանները - Mediamax.am

8292 դիտում

Վարչապետը հորդորել է բացառել «անդեմ ու ոչինչ չասող» պատասխանները


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է բացառել հասարակության բարձրացրած խնդիրներին «ոչինչ չասող, անդեմ գրություններով» պատասխանելը:

«Հասարակության կողմից կառավարությանը կամ վարչապետին ներկայացված կոնկրետ խնդիրների դեպքում դրանք հաճախ վերահասցեագրվում են համապատասխան մարմիններին, եւ երբեմն այդ մարմիններից ստացվում են առանց բարձրացված խնդրի վերլուծության եւ գործուն քայլեր պարունակող միջոցառումների, գրեթե ոչինչ չասող, անդեմ պատասխան գրություններ, հատկապես եթե դրանք վերաբերում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերին կամ բյուջետային ծախսերի ավելացմանը»,- ասել է վարչապետը:

 

«Հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հետեւել հանձնարարականների կատարման որակին` հաշվի առնելով նշվածը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Անդրադառնալով նախարարությունների կողմից առաջարկված կառավարության տարեկան միջոցառումների ծրագրի կետերին եւ գերակա խնդիրներին` վարչապետը նշել է, որ դրանք ոչ միշտ են հիմնավորված չափելի քայլերի հերթականությամբ եւ հստակ ժամկետների առկայությամբ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նախարարներին աշխատանքներն այս ուղղությամբ ավարտել առաջիկա 2-3 օրերի ընթացքում:

 

Գործադիրի ղեկավարը տվել է մի շարք այլ հանձնարարականներ:

 

Ներդրումների ներգրավումը խրախուսելու եւ արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին եւ մարզպետներին հանձնարարվել է՝

 

ա) Երեքշաբաթյա ժամկետում պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ քննարկել եւ առանձնացնել պետական մասնակցությամբ այն առեւտրային կազմակերպությունների ցանկը, որոնք անհրաժեշտ են ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում:

 

Վարչապետը հորդորել է նկատի ունենալ, որ այսուհետ առանձնացված ընկերությունների հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն:

 

բ) Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է ամփոփել ներկայացված առաջարկություններն ու մշակել մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ եւ այն մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին