Ծառուկյանը ձեւավորելու է «լայն դաշինք» - Mediamax.am

6780 դիտում

Ծառուկյանը ձեւավորելու է «լայն դաշինք»


Լուսանկարը` Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն եւ ձեւավորելու է լայն դաշինք:

«Դուք գիտեք, որ ես երբեք չեմ ձգտել իշխանության, մշտապես ասել եմ եւ շարունակում եմ կրկնել, որ չեմ ցանկանում զբաղեցնել որեւէ պաշտոն՝ հանուն փառքի եւ սեփական ամբիցիաների: 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ես փակեցի քաղաքական գործունեության իմ էջը՝ թույլ չտալով, որպեսզի ժողովրդի խաղաղ ու արդարացի պոռթկումը վերածվի առճակատման եւ արյունահեղության: Ես ինձ երբեք չէի ների մարդկային հնարավոր կորուստների համար եւ շնորհակալ եմ, որ ժողովուրդն ինձ հասկացավ: Չեմ ափսոսում, որ քաղաքական զարգացումների այդ փուլում, երբ ակնհայտ էր ժողովրդի անվերապահ աջակցությունը, ընդունակ եղանք կայացնել ճիշտ որոշում՝ խուսափելով արյունահեղությունից եւ անդառնալի կորուստներից, հարվածի տակ չդրեցինք Հայաստանի եւ Արցախի կայունությունն ու անվտանգությունը», - ասված է հայտարարության մեջ:

 

Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իր որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը «ոչ մի քաղաքական ուժ եւ գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել»:

 

«Ես զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի ու վստահ լինեի, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է: Ցավոք, ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն եւ ապագայի նկատմամբ անվստահություն: Ես չեմ կարող անտարբեր լինել իմ ժողովրդի ճակատագրի հանդեպ՝ հատկապես, որ յուրաքանչյուր օր ինձ են դիմում հազարավոր քաղաքացիներ՝ հորդորելով վերադառնալ քաղաքականություն: Ինձ են դիմում «Բարգավաճ Հայաստանի» իմ կուսակից ընկերները, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել, ինձ են դիմում բազմաթիվ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համոզված են, որ իմ վերադարձը կօգնի շտկելու այս ծանր իրավիճակը: Վերջին ամիսներին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել նաեւ Սփյուռքի հասարակական-քաղաքական, գործարար շրջանակների եւ մտավորականության ներկայացուցիչների հետ, ովքեր եւս ինձ հորդորում են վերադառնալ քաղաքականություն», - ասել է Ծառուկյանը:

 

«2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: Նկատի ունենալով մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը եւ մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձեւավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի եւ գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին