Նախագահը չի բացառել ԱԺ ընտրությունների օրվա փոփոխությունը - Mediamax.am

6095 դիտում

Նախագահը չի բացառել ԱԺ ընտրությունների օրվա փոփոխությունը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել, որ ԱԺ ընտրությունները կարող են կայանալ ոչ թե ապրիլի 2-ին, այլ 4-5 օր հետո:

«Այս օրերին քաղաքական դաշտում կա որոշակի տարակարծություն ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու կապակցությամբ: Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է:

 

Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձեւակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ: Ես ցանկանում էի ապրիլի 2-ը եւ հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը: Ցանկանում էի, որպեսզի այդ օրերը դառնան ապրիլյան պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում բանակաշինության ասպարեզում կատարված հսկայական աշխատանքի, նոր լուծումների, նոր ձեռքբերումների ներկայացում մեր հանրությանը: Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին եւ հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, եւ մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, եւ ընտրական գործընթացը ոչնչով չի խաթարվի», - ասել է Սերժ Սարգսյանը՝ հունվարի 26-ին ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի նիստում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին