ԵՄ-ն կաջակցի ՀՀ վարչապետի «հավակնոտ ռեֆորմներին» - Mediamax.am

8078 դիտում

ԵՄ-ն կաջակցի ՀՀ վարչապետի «հավակնոտ ռեֆորմներին»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Այս մասին վարչապետն ասել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպմանը:

 

«Մեր համագործակցությունը հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա եւ կարեւոր է մեզ համար: Հայաստանը պատրաստ է առաջ մղել Եվրոպական Միության հետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, խորացնել եւ ամրապնդել այն»,- ասել է վարչապետը:

 

Կարեն Կարապետյանը կարեւորել է COSME եւ «Հորիզոն 2020» ծրագրերին ՀՀ մասնակցությունը, ինչպես նաեւ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին միանալու վերաբերյալ բանակցություններ սկսելը։

 

«Բարեփոխումներն առաջ տանելը կարեւոր կլինի մեր համագործակցությունը խորացնելու ու հարստացնելու տեսանկյունից, եւ հավակնոտ ռեֆորմների մեջ մենք ձեր կողքին ենք, ձեզ հետ ենք»,- նշել է Քրիստիան Դանիելսոնը:

 

ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ-ն հետաքրքրված է, մասնավորապես, տնտեսության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման, տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների ընդլայնման, ենթակառուցվածքների բարելավման եւ պետական կառավարման համակարգի բարեփոխման ուղղություններով գործակցությամբ:

 

Քրիստիան Դանիելսոնը ողջունել է նաեւ ՏՏ բնագավառում Հայաստանի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ այս ոլորտում ՀՀ հաջողությունները կարող են օրինակ ծառայել Եվրամիության շատ երկրների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին