Սխալներն ընդունելու համարձակություն ունենք, ասել է վարչապետը - Mediamax.am

5968 դիտում

Սխալներն ընդունելու համարձակություն ունենք, ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀԿ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն ասել է, որ «մեր թիմն ունի համարձակություն իր սխալներն ընդունելու, անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ»։

Այդ մասին Կարեն Կարապետյանն ասել է՝ ելույթ ունենալով ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկի միջոցառմանը:

 

«Մեր նախընտրական ծրագրով որեւէ մեկին արհեստականորեն դուր գալու խնդիր չենք դրել, պոպուլիստական հայտարարությունների չենք գնացել։ Ներկայացրել ենք կոնկրետ ծրագիր, որի հիմքում Հայաստանի ապագայի եւ ժողովրդի անվտանգության պատասխանատվությունն է։ Ներկայացրել ենք գաղափարներ, որոնց իրագործումն ամենօրյա քրտնաջան աշխատանք են պահանջում մեր երկրի առաջընթացի համար։

 

Մեր նպատակները հավակնոտ են, միեւնույն ժամանակ՝ իրագործելի։ Մենք ունենք ժողովրդին հուզող հարցերի պատասխանը, ներկան փոխելու կամքը ու վճռականությունը։ Հստակ պատկերացնում ենք, թե ինչ հորիզոնի ենք ձգտում հասնել։ Այդ հորիզոնն անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստանն է», - ասել է Կարեն Կարապետյանը:

 

«Մեր թիմն ունի համարձակություն իր սխալներն ընդունելու, անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ։ Պետք է այդ սխալներից եզրակացություն անել եւ խուսափել հետագայում դրանք թույլ տալուց, կարող ենք լուծումներ տալ դրանց եւ պատասխանատվություն կրել։ Այն բոլոր լավ ավանդույթները, որ ձեւավորվել են թիմային աշխատանքում, պետք է կրկնապատկել, իսկ բացթողումները՝ վերլուծել եւ վերացնել։ Թիմի շահը պետք է վեր լինի յուրաքանչյուրի անձնական շահից։

 

Փոխվելու եւ փոխելու անհրաժեշտությունը մեզ համար օրվա հրամայական է, ինչի մասին բազմիցս հայտարարել ենք եւ վստահ ենք, որ այդ փոփոխությունները տեսանելի կլինեն, իսկ արդյունքները՝ չափելի։ Առաջարկում ենք հիմնարար փոփոխություններ բնականոն, էվոլյուցիոն ճանապարհով։ Մենք պարզապես պարտադրված ենք արդյունավետ եւ իմաստուն լինելու՝ աշխարհի այսօրվա մրցակցության պայմաններում», - ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին