Ս.Սարգսյան. Դառնալու ենք տարածաշրջանի ամենաարագ զարգացող երկիրը - Mediamax.am

5973 դիտում

Ս.Սարգսյան. Դառնալու ենք տարածաշրջանի ամենաարագ զարգացող երկիրը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «մենք պետք է անցկացնենք այնպիսի ընտրություններ, որ որեւէ մեկի մեջ կասկածներ չառաջանան դրանց ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ»:

Այդ մասին Սերժ Սարգսյանն ասել է՝ ելույթ ունենալով ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկի միջոցառմանը:

 

«Օրենքի տառին եւ ոգուն համապատասխանող ընտրությունները լինելու են բոլորիս հաղթանակը՝ անկախ նրանից, թե ով քանի քվե կստանա: Դա կլինի ազգի, պետության եւ հասարակության հաղթանակը: Համոզված եմ, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պատրաստ ենք դրան», - շեշտել է նախագահը:

 

«Վերջին քսանհինգ եւ ավելի տարիները ինձ համար եղել են ծանր աշխատանքի եւ պատասխանատվության տարիներ: Այդ ճանապարհին ես կորցրել եմ բազմաթիվ ընկերներ, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության: Եվ այսօր ասում եմ ձեզ՝ չկա ավելի կարեւոր ու կենսական բան, քան երկրի ու ժողովրդի անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ վերականգնելի է:

Կիսատ գործերը կարելի է ավարտին հասցնել, բացթողումները կարելի է լրացնել, սխալները կարելի է  ուղղել, բայց անվտանգության հարցում չկան մանրուքներ, եւ յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատագրական: Մենք ապահովելու ենք Հայաստանի եւ Արցախի հուսալի անվտանգությունը», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

«Մեր ընդդիմախոսների եւ մրցակիցների հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ մենք՝ հանրապետականներս, հավատում ենք, որ մենք կհաղթենք՝ կհաղթենք, որովհետեւ հավատում ենք մեր երկրի ապագային, որովհետեւ հավատում ենք մեր ժողովրդի մեծ ներուժին: Վստահ եղեք, որ մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաարդյունավետ եւ ամենաարագ զարգացող պետությունը, դառնալու ենք տարածաշրջանի ամենաապահով երկիրը», - ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին